Home / Հայաստան / Վրաստանն ու Աբխազիան հերքում են Հայաստանի ԱԱԽ քարտուղարի խոսքերը

Վրաստանն ու Աբխազիան հերքում են Հայաստանի ԱԱԽ քարտուղարի խոսքերը

Պաշտոնական Թբիլիսին հայտարարել է, որ երկաթուղու աբխազական հատվածի բացման մասին որոշում չի ընդունել, իսկ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի (լուսանկարում) հայտարարությունն այդ թեմայով իրականությանը չի համապատասխանում: Աբխազիայի իշխանությունների ներկայացուցիչները նույնպես հերքել են Բաղդասարյանի հայտարարությունը:

«Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հայտարարությունն այն մասին, թե Վրաստանի կառավարությունը համաձայնել է վերականգնել երկաթուղու աբխազական հատվածը, չի համապատասխանում իրականությանը: Վրաստանի կառավարությունը հետաքրքրված է տվյալ թեմայով և այժմ պատրաստ է ուսումնասիրել այդ նախաձեռնությունը: Բայց դա չի նշանակում, որ արդեն ինչ-որ որոշում է ընդունվել»,- ասված է Վրաստանի կառավարության հայտարարության մեջ:

«Ներկա պահին Վրաստանի կառավարությունը երկաթուղու աբխազական հատվածի վերականգնման վերաբերյալ որևէ պաշտոնական որոշում չի ընդունել, և ժամանակից շուտ ինչ-որ բան հայտարարելը վաղաժամկետ կլիներ», – նշում են հայտարարության հեղինակները:

Սեպտեմբերի 6-ին Աբխազիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Բժանիան հայտարարել է, որ Աբխազիայի իշխանություններին զարմացրել էր Հայաստանի ազգային անվտանգության քարտուղարի հայտարարությունն այն մասին, թե Աբխազիան համաձայնել էր միջանցիկ երկաթուղի բացել:

«Աբխազիայի տարածքով անցնող միջանցիկ երկաթուղային հատվածի բացման  թեման Աբխազիայում արդեն վաղուց չի քննարկվում»,- նշել է նա: Քրիստիան Բժանիան ուշագրավ է համարել, որ «աբխազական հատված» գոյություն չունի, կա Աբխազիայի երկաթուղի: