Սեպտեմբերի 7-ին Վիլնյուս աշխատանքային այցով ժամանած ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրոպական միությունում նախագահող Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկևիչուսին։
Համաձայն ՀՀ ԱԳ մամուլի հաղորդագրության, նախարարներն անդրադարձել են Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանը և այդ համատեքստում հանգամանալից քննարկել Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացումը:
Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու ամենատարբեր ուղղություններով Եվրոպական միության հետ հնարավորինս սերտ փոխգործակցությունը՝ որքանով որ ԵՄ-ի համար դա ընդունելի կլինի և որը չի հակասի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը:
Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ նախարարները համակարծիք են եղել, որ hարկավոր է առաջ մղել Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունները՝ հիմնվելով վերջին տարիներին համատեղ արձանագրած արդյունքների վրա:
Նշենք, որ Լիտվայի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն, Լինկևիչուսը անհամատեղելի է համարել Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելը և ԵՄ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուն միանալը: