Սերժ Սարսգյանն ու Հայաստանի իշխանությունները Մաքսային միությանը միանալու քայլը հիմնավորում են 2 փաստարկով. առաջին՝ Մաքսային միությանը միանալը չի նշանակում հրաժարում եվրոինտեգրումից, և երկրորդ՝ Մաքսային միությանը միանալը բացատրվում է Ղարաբաղի անվտանգության նկատառումով: Առաջին կետն ընդամենը դեմքը փրկելու և ներկայիս բողոքի ալիքը մեղմելու համար է: Այս մասին երեկ «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության վարչության նիստում հայտարարել է ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
«Մտածում են՝ մեկ-երկու ամիս կանցնի, ոչ մեկի վեջը չի լինի, ինչպես եղավ հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված: Այստեղ էլեմենտար բլեֆ է: Իսկ երկրորդը, այն, որ Մաքսային միությունը ընտրել են նկատի ունենալով Ղարաբաղի խնդիրը… այս փաստարկն էլ անմեղսունակության արդյունք է: Որովհետև եվրոինտեգրման պարագայում կամ Եվրոպայի հետ խաղերի մեջ մտնելու պարագայում Ղարաբաղին սպառնացող վտանգը Սերժը պետք է գիտակցեր ոչ թե հիմա, այլ իր քաղաքական ավանտյուրան սկսելուց առաջ», – նշել է Տեր-Պետրոսյանը:
Նա կարծիք է հայտնել, որ Եվրոպայի արձագանքը կատարվածի վերաբերյալ բավական մեղմ է ու վստահություն հայտնել, որ այն չի կոշտանալու:
«Եթե ուշադրություն եք դարձրել, ավելի շատ դատապարտվում է Ռուսաստանը, քան Հայաստանը: Դա սառը պատերազմի իներցիան է, նույնը կաներ Ռուսաստանը, եթե էդպիսի բան լիներ: Սա բնական է: Երկրորդ հանգամանքը կա՝ Եվրոպան նույնպես դեմքը փրկելու խնդիր ունի: Որովհետև 4 տարի հավատացել են այս մարդուն, բանակցել են, բանի տեղ են դրել, գումարներ են տրամադրել և հանկարծ խաբվել են: Հիմա եթե սկսեն դատապարտել Սերժ Սարգսյանին, իրենք էլ են վատ վիճակի մեջ ընկնում: Չեն ուզում խոստովանել: Թեև մենք նրանց զգուշացրել ենք: Շատ ենք ասել՝ ո՞ւմ հետ եք բանակցում, ինչպե՞ս կարող եք հավատալ մի մարդու խոսքին, ով ահա այսպիսի բաներ է կատարել Հայաստանում, միրնույնն է՝ դուք ձեր ուզածը չեք ստանալու: Ասել ենք: Բաց: Նրանք մեզ կամ միամիտի տեղ էին դնում, դա քիչ էր՝ նույնիսկ թշնամաբար սկսեցին մեզ տրամադրվել, ասել, որ մենք խանգարում ենք իրենց ծրագրերին: Էսօր, ինձ թվում է, նրանք պիտի զգջան, ու պարկեշտ լինելու դեպքում էլ մեզանից պետք է ներողություն խնդրեն», – ասել է Տեր-Պետրոսյանը:
Վերջինս Եվրոպայի նման վերաբերմունքը պայմանավորել է նաև պրագմատիկ մոտեցմամբ՝ ընդգծելով, որ ինչ էլ լինի Արևմուտքը չի ցանկանալու կամուրջներն այրել Հայաստանի հետ:
«Նրանք չեն հրաժարվելու Հայաստանի հետ համագործակցելուց: Գուցե, մասշտաբները փոքրանան: Բայց չեն հրաժարվի Հայաստանի իշխանություններին սիրաշահելուց, չեն ընդունի իրենց սխալը՝ հույս ունենալով, որ ինչ-որ այսօր չհաջողվեց, մի օր, գուցե, հաջողվի», – նշել է ՀԱԿ նախագահը:
Նա պատմել է, որ նախորդ տարի խորհրդարանական ընտրություններից առաջ լուրջ զրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ ու ասել է, թե ինչ է մտածում Հայաստանի իշխանությունների մասին: Երբ Ֆյուլեն հայտարարել է, թե Տեր-Պետրոսյանը սխալվում է, վերջինս պատասխանել է, որ այդ համառության մեջ ինքը տեսնում է մի բան՝ ներկայիս իշխանությունները ձեռնտու են Եվրոպային, ձեռնտու է, որ այդ իշխանությունները լինեն ոչ դեմոկրատ, կոռումպացված ու, որպես հետևանք, ավելի կառավարելի:
«Կարմրեց, նեղացավ: Բաժանվելուց ես իրեն ասացի՝ վստահ եմ, որ կանցնի որոշ ժամանակ, դու կհամոզվես, որ ես ճիշտ էի: Դե հիմա արդեն թող ինքը որոշի», – ասել է Տեր-Պետրոսյանը:
Տեսանյութը՝ ilur.am