Թեև Ադրբեջանում նախագահական ընտրություններին, որոնք տեղի են ունենալու հոկտեմբերի 9-ին, մնացել է ընդամենը մեկ ամիս, երկրում նախընտրական արշավի մթնոլորտ չի զգացվում: Այս մասին ընտրություններից մեկ ամիս առաջ գրում է ադրբեջանական Contact.az կայքը: Գրեթե նկատելի չէ փողոցային քարոզչությունը: Ընտրության օրվան ու ընտրողների իրավունքներին վերաբերող սակավաթիվ խամրած քարոզչական պաստառները կորչում են խոշոր գովազդային վահանակների ֆոնին:
Turan գործակալության թղթակիցների կողմից Բաքվի փողոցներում անցկացված բլից հարցումները ցույց են տվել, որ մայրաքաղաքի բնակիչներից շատերն անգամ չգիտեն ընտրության օրը, իսկ մի քանիսը կարծում են, որ ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերին:
Երկրի հեռուստաընկերությունները նույնպես հետաքրքրված չեն ընտրությունների թեմայով: Ոչ մի ալիք ցանկություն չի հայտնել տեղադրել նախագահի թեկնածուներից որևէ մեկի գովազդը, իսկ նախընտրական քարոզարշավը սկսվելու է սեպտեմբերի 16-ին: Քաղաքական գովազդ ցուցադրվելու է միայն Հանրային հեռուստատեսությամբ:
Հեռուստաալիքների հաղորդումների վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք բոլորն էլ գտնվում են Ալիևի աշխատակազմի վերահսկողության տակ: Ուստի, այն, որ հեռուստաալիքները «կամավոր» կերպով հրաժարվում են կոմերցիոն եկամուտներից, հարցումներից, թոք-շոուներից, բանավեճեր անցկացնելուց, վկայում է, որ իշխանությունները հետաքրքրված չեն երկրում մրցակցային քարոզարշավի ձևավորմամբ:
Ընտրողների շրջանում վատ տեղեկացվածության մասին ԿԸՀ մեկնաբանություններ ստանալ չի հաջողվել: Իր հերթին, հայտնի փորձագետ, Ընտրությունների մոնիտորինգի և ժողովրդավարության ուսուցման կենտրոնի նախագահ Անար Մամեդլին կարծում է, որ երկրում հասարական-քաղաքական իրավիճակը չի նպաստում ազատ ու արդար ընտրությունների անցկացմանը: «Առաջին հերթին, լրջորեն սահմանափակվում են քաղաքական ազատությունները, հատկապես՝ արտահայտման ու հավաքներ կազմակերպելու ազատությունը»,- նշել է Մամեդլին:
Ընտրությունների տարին սկսվեց մեծ թվով քաղաքական դրդապատճառներ ունեցող ձերբակալություններով: Այսպիսի քաղաքական ֆոնը վտանգում է քաղաքացիների վստահությունն ընտրական գործընթացի ու խաղաղ իշխանափոխության նկատմամաբ:
Նրա խոսքով՝ 2005 թվականի խարհրդարանական ընտրությունների ժամանակ երկրում նախընտրական իրավիճակը, չնայած թերություններին, ավելի լավն էր, քան հիմա: «Այն ժամանակ քաղաքական մրցակցության համար համեմատաբար ավելի հավասար հնարավորություններ կային: Իսկ հիմա այլընտրանքային քաղաքական ուժերի համար ընդամենը մի փոքրիկ պատուհան է մնացել:
20 տարի առաջ հաստատված ռեժիմը քաղաքական վերահսկողության ընդհանուր մեխանիզմ է ստեղծել: Ընտրություններին ընդառաջ քաղաքացիական հասարակության ինստիտուտների, լրատվամիջոցների ու քաղաքական խմբերի գործունեության հնարավորությունները նվազագույնի են հասցվել»,- նշել է նա:
Մամեդլին նաև ընդգծել է նախընտրական օրենսդրության վատթարացումը: Եթե 2005 թվականին ընտրական արշավը տևում էր 120 օր, ապա այսօր այն տևում է ընդամենը 60 օր: Բայց իշխանություններն անգամ այս 60 օրերն են փորձում վերածել անհետաքրքիր գործընթացի:
Մամեդլիի կարծիքով՝ խնդիրներից մեկն էլ այն է, որ քաղաքացիները չեն վստահում ԿԸՀ-ին, ինչն էլ քարոզչական հաղորդագրություններն անընդունելի է դարձնում:
Միևնույն ժամանակ, փորձագետը գոհունակությամբ է նշել, որ վերջին տարիներին սոցիալական լրատվամիջոցները լրացնում են ակտիվ բնակչության՝ տեղեկատվության կարիքը: Հարցումները ցույց են տալիս, որ Ինտերնետի օգտատերերի համար հեռուստաալիքները վերածվել են ոչ պետքական, անհետաքրքիր տեղեկության աղբյուրի:
Ինչ վերաբերում է արևմտյան պետությունների ու միջազգային կազմակերպությունների՝ ժողովրդավարական ընտրությունների խթանմանը, ապա փորձագետը գոհ չէ նրանց դիրքորոշումից: «Ցավոք, Եվրամիության երկրների ու ԱՄՆ-ի ուշադրությունն ու քաղաքական աջակցությունն ընտրական գործընթացին զգալիորեն թուլացել է: Ժողովրդավարական երկրները, որոնք չէին արձագանքում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտմանը, այժմ նմանատիպ դիրքորոշում ունեն նաև ընտրությունների նկատմամբ: Նման մոտեցումը բացասաբար է ազդում նաև Եվրախորհրդի ու ԵԱՀԿ-ի նման կառույցների հեղինակության վրա»,- ասել է Մամեդլին:
Սակայն կառավարությունների պատասխանատվությունը պետք է տարբերել քաղաքացիական հասարակության ինստիտուտների դիրքորոշումից: «Եթե չլինեին ՀԿ-ները, մամուլն ու ժողովրդավարական երկրների առանձին քաղաքական գործիչները, ապա այսօր մենք ականատես կլինեինք Արևմուտքի կողմից մարդու իրավունքների ավելի խայտառակ զոհաբերության՝ աշխարհաքաղաքական ու էներգետիկ շահերի օգտին»,- փորձագետի խոսքերն է փոխանցում Contact.az-ը: