Home / Տեսանյութեր / Պետությունն ապագա դատախազներին «ոսկեջրած» գույք ու «մախճակալներ» կտրամադրի

Պետությունն ապագա դատախազներին «ոսկեջրած» գույք ու «մախճակալներ» կտրամադրի

«Հայկական ժամանակ» օրաթերթը ուսումնասիրել է Արդարադատության նախարարության կողմից կառավարություն ներկայացրած նախագիծը և տեքստում տառասխալներ է գտել: Բացի դա, զարմացնում է ակադեմիային տրամադրվելիք գույքի արժեքը:

Կառավարության առաջիկա նիստի օրակարգում ներառված է նորաստեղծ Արդարադատության ակադեմիային շենք և գույք հատկացնելու մասին համապատասխան որոշման նախագիծը։ Ակադեմիայում սովորելու են ապագա դատավորներն ու դատախազները: «Հայկական ժամանակ» օրաթերթը ՀՀ Արդարադատության նախարարության նախարարության ներկայացրած ակադեմիային գույք տրամադրելու մասին որոշման նախագծում տառասխալներ է գտել: Մասնավորապես, ըստ նախագծի հեղինակների, ապագա դատավորների ու դատախազների հանդերձարանների դռների վրա կախվելու է «կոխպեկ», իսկ նրանք քնելու են «մախճակալների» վրա: Բացի դա, նրանց պահարաններում լինելու է հատուկ տեղ «ճամփրուկի» համար:

«Ազնվության երաշխիքը ակադեմիային փոխանցվող գույքի արժեքն է։ Օրինակ, նախարարության ներկայացրած ցանկի համաձայն, էլեկտրական թեյնիկը արժե 500 դոլար, ննջարանի կահույքը՝ 6 հազար դոլար, սալօջախը՝ 3 հազար դոլար, ճարպաջեռոցը՝ (ֆրիտյուրնիցան) էլի 3 հազար դոլար, էլեկտրական մսաղացը՝ 1100 դոլար, «աղբի սեղանը»՝ 650 դոլար, սառը ուտեստների ցուցափեղկը՝ 5 հազար դոլար….: Բայց մի բանում կարելի է հանգիստ լինել. Ակադեմիային փոխանցվող 7 տասնյակ անուն ապրանքներից մոտ 30-ը խոհանոցային տեխնիկա է և գույք։ Իսկ դա նշանակում է, որ մեր ապագա ազնիվ և գրագետ դատավորներն ու դատախազները, քոռանամ ես, սոված չեն մնա ուսումնառության ողջ ընթացքում», – գրում է «Հայկական ժամանակ»-ը:

Թերթը ենթադրում է, որ ակադեմիայի ապագա ղեկավարների գրասենյակային գույքը ոսկեջրած է, քանի որ, օրինակ 3 հատ կաշվեպատ աթոռներից յուրաքանչյուրի գինը նախարարության ներկայացրած ցանկի համաձայն, 500 դոլար է, իսկ ղեկավարների համար նախատեսված երկու գրասեղաններից յուրաքանչյուրը արժե մոտ 1200 դոլար։ Գործնական պարապմունքների համար կահավորված դահլիճում վկայի ամբիոնի գինը 620 դոլար է։

«ՀԺ»-ն հիշեցնում է, որ բավական երկար ժամանակ այս ակադեմիայի նկատմամբ հսկողություն հաստատելու համար իրար կոկորդ էին կրծում ՀՀ Արդարադատության նախարարությունն ու դատախազությունը։

«Սա փողի կծիկ է։ Ի վերջո որոշվեց ակադեմիայի նկատմամբ վերահսկողությունը գրեթե հավասար կիսել Արդարադատության նախարարության և դատախազության միջև», – գրում է թերթը:

Հոդվածն ամբողջությամբ «ՀԺ»-ի այսօրվա համարում