ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության մի շարք աշխատակիցները մեղադրվում են պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիքներ և խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն կատարելու մեջ:
Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանությունը, մեղադրյալների թվում են՝ Դատական դեպարտամենտի պետի տեղակալ, դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանը, Դատական կարգադրիչների ծառայության պետի տեղակալ Գագիկ Խաչատրյանը, ինչպես նաև Դատական կարգադրիչների ծառայության տարբեր ստորաբաժանումների պետեր Արմեն Ավագյանը, Արմեն Միրզոյանը, Բագրատ Արիկյանցը, Սամվել Ալեքսանյանը, Արման Փալիկյանը, Արման Մալխասյանը և Դատական կարգադրիչների ծառայության պահեստապետ Յուրա Մուշկիդյանովը:
ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պետի առաջին տեղակալ Գեղամ Գրիգորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա գտնվելու վայրը պարզելու նպատակով հայտարարվել է հետախուզում, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Բացի դա, նախաքննության ընթացքում որպես կասկածյալներ հարցաքննվել են Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության ֆինանսաբյուջետային բաժնի պետ, գլխավոր հաշվապահ Սաթենիկ Հովհաննիսյանը, Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության անձնակազմի կառավարման բաժնի պետ Նարեկ Գասպարյանը, Վարչական դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Էդուարդ Հովհաննիսյանը:
Մեղադրյալներ Արմեն Ավագյանի, Բագրատ Արիկյանցի, Յուրա Մուշկիդյանովի և Արմեն Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Նախաքննության ընթացքում պատճառված գույքային վնասը վերականգնելու նպատակով մեղադրյալ Արմեն Ավագյանի կողմից Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դեպոզիտ հաշվին վճարվել է 988.177 ՀՀ դրամ, իսկ մեղադրյալներ Գագիկ Խաչատրյանի և Արմեն Մովսիսյանի կողմից ՀՀ ոստիկանության դեպոզիտ հաշվին` 26.608.000 ՀՀ դրամ:
Նշենք, որ ավելի վաղ «Հրապարակ» օրաթերթը, անդրադառնալով կարգադրիչների գործին, գրել էր, որ տարբեր ընդհանուր իրավասության դատարանների դատական կարգադրիչների ստորաբաժանման պետերը կարգադրիչների են ընդունել աշխատանքի, ովքեր միայն գրանցված են եղել, սակայն աշխատանքի չեն ներկայացել։ Նրանց միայն աշխատանքային ստաժն է գրանցվել, և կոչումներ են ստացել, իսկ աշխատավարձերն ստացել են ուրիշները: