Խորհրդարանի կուլիսներում քննարկվում է, որ Սերժ Սարգսյանն առաջիկայում անկախության 22-ամյակի առթիվ համաներում անելու առաջարկություն է ուղարկելու Ազգային ժողով: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Ըստ «ՀԺ»-ի, փաստաթուղթը, սակայն, դեռ ամբողջությամբ պատրաստ չէ:
Թերթի փոխանցմամբ՝ նույն շրջանակներում խոսվում է, որ Սերժ Սարգսյանն իր առաջարկությունը ԱԺ կուղարկի թերևս հոկտեմբերի սկզբներին:
«Նա նման առաջարկով վերջին անգամ հանդես էր եկել թերևս 2009 թվականի հունիսի 16-ին: Բավական ընդգրկուն այդ համաներման արդյունքում էլ այն ժամանակ ազատ արձակվեցին քաղբանտքարկյալները: Սպասվող համաներումը ևս, ըստ մեր աղբյուրների, բավական ընդգրկուն է լինելու: Այդ մասին առայժմ պաշտոնապես ոչինչ չի ասվում: Փաստաթուղթը կհրապարակվի խորհրդարան ուղարկվելուց հետո, վերջին պահին միայն, երբ այն կդրվի քննարկման և քվեարկության, այնպես, ինչպես դա տեղի ունեցավ 2009-ին», – գրում է «ՀԺ»-ն: