Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցով ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ Ազգային ժողովում կազմակերպված փակ քննարկումը ժողովրդի թիկունքում կատարվող հերթական քայլերից մեկն էր: Այս մասին այսօր Facebook-ի իր էջում գրել է «Նախախորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Ըստ նրա՝ եթե հանդիպմանը մասնակցած պատգամավորները չհրապարակեն քննարկման մանրամասները, ապա դրանով կապացուցեն, որ հանցավոր համակարգի մասն են:
«Վարչախմբի պարագայում ամեն ինչ պարզ է` նրա մեջ ներառված ուժերն ու անձինք բացահայտ կերպով ուրացել են ազգային շահերը և դրանց հաշվին իրացնում են իրենց կլանային ու անձնական շահերը: Իսկ իրենց ընդդիմադիր հորջորջող կուսակցականներն ու պատգամավորները, նշված քննարկմանը մասնակցելով, արդեն իսկ ջնջում են իրենց և վարչախմբի միջև եղած տարբերությունները: Եվ եթե նրանք այսօր ևեթ չհրապարակեն այդ քննարկման արդյունքները և շարունակեն դրանք ժողովրդից գաղտնի պահել, ապա հերթական անգամ կապացուցեն, որ մեր ժողովրդի իշխանությունը յուրացրած ապազգային ու հանցավոր համակարգի մասն են և նույնական են վարչախմբի հետ: Որ ճանաչում և լեգիտիմացնում են ազգուրաց վարչախմբին ու նրա դավաճան պարագլխին: Եվ որ գործակից ու հանցակից են նրանց: Քաղաքական կարճատեսությամբ տառապող, իր ժողովրդի ու նրա ուժերի նկատմամբ հավատից զուրկ ստրկամիտ մարդկանց այս տեսակը` վարչախմբի ներկայացուցչի թե ընդդիմադիրի կարգավիճակով, ներկայումս թիվ մեկ սպառնալիքն է հայության համար», – գրել է Սեֆիլյանը:
Ըստ նրա՝ արտաքին հարցերում քաղաքական կողմնորոշման, իսկ ներքին հարցերում` քաղաքական առևտրի կողմնակից այս տեսակը պետք է փոխարինվի քաղաքական նոր սերնդով, եթե «մենք ցանկանում ենք մեր տեղն ունենալ արևի տակ»:
«Եկել է ընտրության պահը. այսպես այլևս չի կարող շարունակվել: Ուստի առկա քաղաքական ակտիվի` դեռևս իրենց ազնվությունը պահպանող ներկայացուցիչները պետք է մեկընդմիշտ կողմնորոշվեն, իսկ մեր ժողովուրդը պետք է ինքնակազմակերպվի, որդեգրի վճռական մենակի գործելակերպ և իր քաղաքական կամքը ձևավորի ու արտահայտի առանց այս տեսակին ու նրա տեսակետը հաշվի առնելու` արտաքին և ներքին բոլոր հարցերում հիմնվելով հայաստանակենտրոնության և հայակենտրոնության սկզբունքի վրա», – եզրափակել է Ժիրայր Սեֆիլյանը:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում Էդվարդ Նալբանդյանը փակ հանդիպում է անցկացրել ԱԺ պատգամավորների հետ: Հանդիպմանը քննարկվել է Մաքսային միությանը միանալու Սերժ Սարգսյանի որոշումը: Հանդիպման ավարտին պատգամավորները հրաժարվել են մանրամասներ հայտնել քննարկումից՝ ասելով, որ կա պայմանավորվածություն, որ մանրամասները հրապարակման ենթակա չեն: