Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ իր սեռական կողմնորոշումը չթաքցնող նույնասեռականը գրանցվել է որպես քաղաքապետարանի ղեկավարի թեկնածու:
Սա տեղի է ունեցել Գիրեսուն նահանգի Բուլանջիգ քաղաքում: Ջան Չավուշօղլուն, ով տնտեսագիտության բնագավառում մագիստրոսի կոչում է ստացել Ֆլորիդայի համալսարանում, հայտարարել է, որ իր՝ նույնասեռական լինելը ոչ մի կերպ չի խանգարի հաջողությունների հասնել տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի պաշտոնում: «Ես նույնասեռական եմ, ակտիվիստ, գրող, փիլիսոփա, նկարիչ, հումանիստ ու կանանց իրավունքների պաշտպան: Այսպիսի հատկանիշներով մարդիկ հազվադեպ են հանդիպում»,- ասել է Չավուշօղլուն՝ նշելով, որ միայն ինքը կկարողանա ամերիկացի ներդրողներին ստիպել գալ Բուլանջիգ ու կանխարգելել կոռուպցիայի ու հովանավորչության բոլոր ձևերը:
Ինչպես հայտնում է 1news.az-ը, հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին, անկուսակցական Չավուշօղլուն քաղաքացիներին կոչ է արել ընտրել Թուրքիայում առաջին նույնասեռական ղեկավարին՝ նրանց հետևյալ հարցն ուղղելով. «Էլ ե՞րբ Բուլանջիգը հնարավորություն կունենա նույնասեռական քաղաքապետ ընտրել»: