ԱՄՆ դեսպանատունը դատապարտում է քաղաքացիական ակտիվիստների, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքացու նկատմամբ (Բաբկեն Տեր-Գրիգորյան – խմբ.) հարձակումները, որոնք սկիզբ են առել այս տարվա օգոստոսի 22-ից սկսած:
Տարածած հայտարարության մեջ ԱՄՆ դեսպանատունը նշում է, որ վերջին հարձակման ժամանակ, սեպտեմբերի 5-ին երկու քաղաքացի դաժան ծեծի են ենթարկվել, որի հետևանքով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանցից մեկին վիրահատել են:
«Հարձակումներին զուգահեռ եղել են բազմաթիվ հաղորդումներ այն մասին, որ ակտիվիստներին հետևում են, սպառնում և ահաբեկում: Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը շուտափույթ գործողություններ ձեռնարկել՝ դատապարտել այդ հարձակումները, անցկացնել քննություններ ու պատժել մեղավորներին:
Պետությունը պետք է երաշխավորի, որ քաղաքացիները հավաքների, արտահայտվելու ու խոսքի ազատության իրենց հիմնարար իրավունքներից կարողանան օգտվել առանց հաշվեհարդարից վախի», – ասված է ԱՄՆ դեսպանության հայտարարության մեջ: