Ռուսաստանը չի պատրաստվում «ներել» դեռ 2009 թվականին Հայաստանին տված 500 միլիոն դոլարի վարկը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
«ՀՀ կառավարությունում հույսեր ունեին, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին հայտարարությունից հետո ռուսական կողմը կների այդ պարտքը՝ որպես «բարի կամքի դրսևորում»: Այդ վարկը Հայաստանը ստացավ երկարատև ու դժվարին բանակցություններից հետո։ Ընդ որում, այդ պարտքը ծանր պայմաններով էր տվել՝ տարեկան մոտ 4 տոկոս տոկոսադրույքով, և այն համարվում է Հայաստանի վարկային պորտֆելում ամենածանր վարկերից մեկը», – նշում է թերթը։
«ՀԺ»-ի տեղեկություններով, առավելագույնը, որին համաձայն է ռուսական կողմը այս պահին, վարկի վերակառուցումն է, այսինքն՝ դրա սպասարկման համար վճարումների հետաձգումը։
Թերթը հավելում է, որ վերջին տարիներին Ռուսաստանը ներել է Լիբիային 4.5 մլրդ դոլարի պարտք, Աֆղանստանին՝ 11.6 միլիարդ դոլարի պարտք, Իրաքին՝ 12 մլրդ դոլարի պարտք: