Բավական է շատ աղբ ու կոռուպցիա ունենալ, ու Եվրասիական միություն կընդունեն առանց խնդիրների: Ինչպես հայտնում է Georgia Online-ը, այս մասին սեպտեմբերի 12–ին ուսանողական կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ ասել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
«Մի տարի առաջ Բաթումին Եվրոպա էր, իսկ այս տարի՝ Եվրասիա է, քանի որ փողոցներում շատ աղբ կա: Մայրուղիները մի տարի առաջ Եվրոպա էին, իսկ այժմ մեր մայրուղիներում Եվրասիա է: Գոնե մի երկիր ցույց տվեք, որը մտածում է Եվրասիական միության մասին ու չի առանձնանում նման ցուցանիշներով: Եվրոպա հասնելու համար շատ աշխատանք է պահանջվում, իսկ Պուտինը մեզ առանց խնդիրների կընդունի Եվրասիական միություն: Ինչքան ավելի վատ վիճակում ես, ինչքան ավելի կեղտոտ ու աղքատ ես, այնքան հեշտ էլ կընդունի: Բավական է աղբ, տամազաշվիլիներ (Վրաստանի ՆԳՆ ղեկավար Իրակլի Գարիբաշվիլիի ազգական – խմբ.) ու կոռուպցիա ունենաս, ու քեզ կընդունեն Եվրասիական միություն»,- հայտարարել է Վրաստանի նախագահը:
Սաակաշվիլին նշել է, որ «Եվրոպան դա այն է, երբ իշխանությունները ընտրվում են ընտրությունների միջոցով, իսկ ընդդիմախոսների հետ երկխոսության են նստում, այլ ոչ թե անօդ խցերում պահում, ինչպես Միացյան Ազգային Շարժման գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլիին ու այլ առաջնորդների ու նախարարների»:
«Ո՞րն է տարբերությունը Եվրասիայի ու Եվրոպայի միջև: Ի՞նչ է եվրասիական հասարակությունը: Դա ամենուրեք տիրող կոռուպցիան է, փոքրամասնությունների վրա գործադրվող ճնշումը, բանտում գտնվող ընդդիմադիրները: Եվրասիա է օրինակ այն, որ ներկայումս Վրաստանում 500 լարիով հնարավոր է վարորդական իրավունք ձեռք բերել: Հարցրեք Գորիում ու Քուտաիսիում: Եվրասիա է նաև մեր մաքսակետերում տիրող վիճակը: Եվրասիայում հանցավորությունն է տիրում: Եվրասիա է այն, որ, օրինակ, մի քանի օր առաջ մորս տան պատշգամբին կանգնած պատիվ ունեցա փողոցային վիճաբանությունների ականատես լինել, որոնք գնալով ավելի բարձր են լսվում: Պպզած մարդիկ են Եվրասիա, օլիգարխային տնտեսությունն է Եվրասիա, բարեկամ-խնամի հարաբերություններն են, երբ բարեկամական կապերի ու հովանավորության շնորհիվ կարող ես պաշտոն ստանալ: Ինչ-որ տամազաշվիլիներ ղեկավարում են Ահմեթան: Դա Եվրասիա է: Վրաստանը չի լինելու Եվրասիայում, Վրաստանը լինելու է Եվրոպայում: Բայց պետք է ձեր ձայնը բարձրացնեք: Չմտածեք, որ ինչ-որ մեկը դա կանի առանց ձեզ»,- հայտարարել է Վրաստանի նախագահը: