Երևանի ավագանին օրերս հաստատեց հանրային լսումներ կազմակերպելու ու դրանց կարգը հաստատելու մասին հարցը։ Ինչպես գրում է «Հրապարակը», խոսքը տրանսպորտի սակագնի քննարկման մասին է, ու մինչ կձևավորվի այդ հարցի քննարկման հանձնաժողովը, Երևանի ավագանու համապատասխան հանձնաժողովներից արդեն վստահեցումներ կան, որ սակագինը չի մնալու 100 դրամ, դառնալու է 150, և քննարկվելու են արտոնությունների կիրառման եղանակները։
«Մինչդեռ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության բարձր ամբիոնից հայտարարեց, որ հանրային ծառայություններին վերաբերող որոշումները չեն կարող կայացվել առանց հանրային քննարկման և քաղաքացիների կարծիքը հաշվի առնելու։ Այս հայտարարությունից հետո Տարոն Մարգարյանի ապօրինի որոշումը կասեցվեց՝ հարցը հետագայում հանրային քննարկման դնելու հիմնավորմամբ: Սակայն այս գործընթացի մեկնարկին ընդառաջ արդեն քաղաքապետարանից վստահեցումներ կան, որ սակագինը չի մնա 100 դրամ, շահագրգիռ կողմերը քննարկելու են արտոնյալ խմբերի հարցը, ինչն արդեն նշանակում է հանրային լսումների իմիտացիայով լեգիտիմացնել նախկին ապօրինի որոշումը։ Եվ այս քննարկումներն անպտուղ կլինեն, եթե ընդվզող կողմը՝ ընդդիմադիր ֆրակցիաներն ու ակտիվիստները, հրաժարվեն մասնակցելուց։
Ամիսներ շարունակ քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիաներ անող ակտիվիստները հրաժարվում են՝ անվստահություն հայտնելով հանձնաժողովին։ Պատճառները մի քանիսն են։ Օրինակ այն, որ հանձնաժողովի ներկայացուցիչները նաև հանրային տրանսպորտն սպասարկող շահագրգիռ անձինք են և չեն կարող հանրության շահերից մասնակցել քննարկմանը։ Դրա վառ օրինակը Հենրիկ Նավասարդյանն է, ում որդին, հոր պաշտոնանկությունը պահանջելու պատճառով, հարձակվել և ծեծի էր ենթարկել ակտիվիստներին։ Բացի այդ, նրանք պահանջում են չեղյալ հայտարարել նախկին ապօրինի որոշումն ու քննարկումների արդյունքում նոր որոշում ընդունել։ Քաղաքապետարանն էլ անդրդվելի է այս հարցում, իսկ հանձնաժողովի դեկորացիան ապահովելու նպատակով շարունակում է ոչ պաշտոնապես նրանց հրավերներ ուղարկել։ «Ես կուզեմ, որ ակտիվիստներն անպայման, որոնք մեծ դերակատարում ունեն, թող գան-ներգրավվեն ու սկսեն աշխատել: Նավասարդյան Հենրիկն ընդհանրապես կապ չունի, քանի որ նա կատարում է իր ղեկավարի հանձնարարականը։ Նավասարդյանին հանենք՝ Պողոսյանը գա, կլինի նույն բանը, քանի որ պիտի կատարի իր պետի առաջադրանքը»,- խոստովանեց ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Նաիրա Նահապետյանը, ով կարծում է, որ այդ որոշումը տևական աշխատանքի արդյունք է։ «Մեկ տարվա ընթացքում ահագին մեծ քննարկումներ են եղել սեփականատերերի հետ: Դա հախուռն չէր, որ երազ տեսան ու գինը սարքեցին 150 դրամ: Եթե ակտիվիստները գալու են միտինգ սարքեն հանձնաժողովի նիստերը, իհարկե, չի կարելի, ի վերջո՝ իրանցով չի պայմանավորված էս երկրի զարգացումը»: Ինչ վերաբերում է սակագնի վերջնական գնին, իր «անձնական կարծիքով», այն չի լինելու հարյուր դրամ՝ «միանշանակ»: «Բայց թե որքան կդառնա, ես չգիտեմ, պետք է նստել-աշխատել:
Սպասարկումը պետք է բարելավվի, բարեփոխում լինի, բայց, միաժամանակ, այդ ամենը կբերի սակագնի փոփոխության։ Դրա համար էլ էդ ամեն ինչը պետք է քննարկվի, նոր կոնկրետ թիվը որոշվի»,-ասում է նա։ Ինչ վերաբերում է ավագանու ընդդիմադիր ֆրակցիաներին, ապա ոչ «Բարև, Երևանը», ոչ էլ ԲՀԿ-ն դեռ հստակ չեն որոշել՝ ընդգրկվելու են հանձնաժողովում, թե ոչ», – գրում է «Հրապարակը»։