Սեպտեմբերի 2-ին «Նախախորհրդարան» նախաձեռնության մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանին ծեծի ենթարկած «Հայազն» կուսակցության անդամներ Արմեն Աղայանը և Արմեն Մկրտչյանը սեպտեմբերի 14-ին ներկայացել են ոստիկանություն և բացատրություններ տվել, հաղորդում է ՀՀ ոստիկանության կայքը:
Նշենք, որ Ավետիսյանը ոստիկանությունում հաղորդում էր տվել սեպտեմբերի 4-ին, քրեական գործ էր հարուցվել 11-րդ հոդվածի հատկանիշներով (ծեծ):
Դեպքից հետո «Նախախորհրդարան»-ը տարածած հայտարարության մեջ նշել էր, որ ծեծի ենթարկողները «Հայազն» կուսակցության անդամներն են՝ այդ թվում Աղայանն ու Մկրտչյանը:
Ավետիսյանի տված հաղորդումից և «Նախախորհրդարանի» հայտարարությունից 10 օր անց ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում նշել է. «Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Ա. Աղայանն ու Ա. Մկրտչյանը սեպտեմբերի 14-ին ինքնակամ ներկայացել են ոստիկանության Կենտրոնականի բաժին և տվել բացատրություններ: Նրանք նշել են, որ տեղի ունեցածը որևէ առնչություն չունի քաղաքականության ու քաղաքացիական ակցիաների հետ, իսկ «Հայազն» կուսակցության վարչության անդամ Ա. Աղայանը կոչ է արել չքաղաքականացնել միջադեպերը»:
Ոստիկանությունը նաև ընդգծել է, որ գործի նախաքննությունը շարունակվում է: