Քաղաքացիական ակտիվիստ Մաքս Գրիգորյանին բերման ենթարկելու մասին որոշում է կայացվել, սակայն այսօր նրա տուն այցելած ոստիկանները, խորհրդակցելով քննիչի հետ, որոշել են նրան բերման ենթարկելու համար վերադառնալ ժամը 15.00-ին:
Ինչպես Epress.am-ին հայտնել է Գրիգորյանը, բերման ենթարկելու պատճառն այն է, որ, ծանուցագիր ստանալով, ինքը ոստիկանություն չի ներկայացրել:
Գրիգորյանի խոսքով, սակայն, ինքը չէր կարող ներկայանալ, քանի որ սեպտեմբերի 20-ի համար ծանուցագիրը ստացել է սեպտեմբերի 23-ին միայն: Ծանուցագրով Գրիգորյանին հրավիրել էին որպես վկա ցուցմունք տալու հուլիսի 22-ին «Վճարում ենք 100 դրամ» ակցիայի ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին: Ըստ ոստիկանության ծանուցման՝ ակտիվիստներից մեկը «ոչ վտանգավոր գործողություն գործադրելով ձեռքով մեկ անգամ հարվածել է ոստիկանի»:
Հիշեցնենք, որ Մաքս Գրիգորյանին որպես վկա կանչել են նաև ակցիայի ժամանակ ոստիկանական մեքենան վնասելու գործով ցուցմունք տալու համար: Այս դեպքում նրան ծանուցումը հասել է 9 օր ուշացումով:
Նշենք, որ ակտիվստը մասնակցել է նաև Կոմիտասի 5-ում անցկացվող բողոքի ակցիաներին: Վարչական իրավախախտման համար ակտիվիստից գումար գանձելու պահանջով Ոստիկանության Արաբկիրի բաժինն արդեն դիմել է Վարչական դատարան:
Լուսանկարը՝ Մաքս Գրիգորյանի Facebook-ի էջից