Հայաստանը ողջունում է Ժնևում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջև ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա արված առաջարկությունները: Այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ո՞րն է Հայաստանի մոտեցումը Ռուսաստանի և Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների՝ սիրիական քիմիական զենքը միջազգային վերահսկողության տակ դնելու մասին որոշմանը:
Ըստ Բալայանի՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի պայմանավորվածությունը հնարավարություն է տալիս ոչնչացնել քիմիական զենքը ու բացառել դրա օգտագործումը Սիրիայում, ինչպես նաև ճանապարհ բացել սիրիական ճգնաժամին խաղաղ ճանապարհով քաղաքական լուծում գտնելու համար՝ ուղղված Սիրիայի ժողովրդի և դրա անբաժանելի մասը կազմող տասնյակ հազարավոր սիրիահայերի տառապանքներին վերջ դնելուն: