Home / Հայաստան / Իրավապաշտպանները պահանջում են Թուրքիան թողնել առանց արցունքաբեր գազի

Իրավապաշտպանները պահանջում են Թուրքիան թողնել առանց արցունքաբեր գազի

Բոլոր պետությունները պետք է զերծ մնան Թուրքիա արցունքաբեր գազի, ոստիկանական զրահապատ մեքենաների ու զանգվածային անկարգությունների վերահսկման այլ միջոցների մատակարարումներից, քանի դեռ երկրի իշխանությունները չեն երաշխավորել հավաքների ու ազատ արտահայտման իրավունքների պաշտպանությունը: Այս մասին հայտարարել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:

«Այն փաստը, որ թուրքական ոստիկանությունն ի պատասխան ցույցերի կրկին դիմել է կամայական ուժի կիրառմանը, հաստատում է, որ բոլոր երկրները պետք է հրաժարվեն Թուրքիա արցունքաբեր գազի ու զանգվածային անկարգությունների վերահսկման այլ միջոցների, այդ թվում՝ ոստիկանական զրահապատ մեքենաների, մատակարարումներից, քանի դեռ իշխանությունները նման դեպքերը կանխող քայլեր չեն ձեռնարկել»,- ասել է Amnesty International-ի ներկայացուցիչ, Թուրքիայի խնդիրներով զբաղվող Էնդրյու Գարդները:

Կազմակերպության կոչը հնչել է Ստամբուլում ու երկրի մյուս քաղաքներում վերջին երեք օրերի ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, երբ ոստիկանությունը ցույցերը ցրելու նպատակով հերթական անգամ մեծ քանակությամբ արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ է օգտագործել: Երկրում բողոքի նոր ալիք է բարձրացել այն բանից հետո, երբ երեքշաբթի առավոտյան Հաթայ նահանգում անցկացվող ցույցին ոստիկանության միջամտության ժամանակ չպարզված հանգամանքներում երիտասարդ ցուցարար է մահացել:

Ըստ ԶԼՄ-ների հայտարարությունների՝ թուրքական ոստիկանությունը ցույցերը ցրելու համար շտապ միջոցներ է պատվիրել, այդ թվում՝ արցունքաբեր գազ պարունակող 100 000 հատուկ փամփուշտներ ու 100-ից ավել զրահապատ մեքենաներ: Հնարավոր է, որ Թուրքիան արցունքաբեր գազ կստանա Բրազիլիայից, Հնդկաստանից, Հարավային Կորեայից ու ԱՄՆ-ից, որոնք նախկինում Թուրքիային այն արդեն վաճառել են: