«ԿամԱԶ»-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի դատավարությունը, նախնական տեղեկություններով, կկայանա դեկտեմբերի 14-ին, թեև չի բացառվում, որ նրա կալանքի ժամկետը նորից երկարաձգեն: Այս մասին News.am-ին ասել է նրա կինը՝ Անահիտը:
Վերջինս նշել է, որ ամուսինն այժմ գտնվում է կալանավայրի հիվանդանոցում, սրտի խնդիրներ ունի, և եթե բուժումը արդյունավետ չլինի, ապա հնարավոր է՝ նրան վիրահատեն:
«Տղայիս կորստից հետո ծակոցներ ուներ սրտի շրջանում, հիմա դրանք ուժեղացել են, ուժեղ ծակոցներ, ցավեր ունի, բուժումներ է ստանում: Եթե բուժումները լավ ընթանան, չեն վիրահատի, եթե չէ, հնարավոր է նաև վիրահատության անհրաժեշտություն լինի: Դեռ պարզ չէ՝ կվիրահատեն, թե ոչ, բայց բացառված չէ»,- ասել է կինը:
Ընտանիքը մինչ օրս չի կարողացել Հրաչյա Հարությունյանի հետ հեռախոսազրույց ունենալ, թեև այդ խնդրանքով դիմել էին բազմաթիվ մարմինների, ստացել էին խոստումներ, բայց առայժմ չի հաջողվել կազմակերպել այն:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Պոդոլկսի մոտ Հրաչյա Հարությունյանի վարած «ԿամԱԶի» արգելակները շարքից դուրս են եկել, բեռնատարը կողաշրջվել է և հարվածել ավտոբուսին, ինչի հետևանքով ավտոբուսում եղած 64 ուղևորներից 18-ը մահացել են: Առաջադրված մեղադրանքով նրան սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում: Հարությունյանն ինքն էլ մարմնական վնասվածքներ է ստացել: Նրան այդ վիճակում անմիջապես հիվանդանոցից կնոջ խալաթով դատարանի դահլիճ են բերել, որտեղ նա անընդհատ փորձել է թաքցնել դեմքը տեսախցիկներից և արտասվել է: Հայաստանի քաղաքացու նման վիճակը ՌԴ դեսպանության դիմաց բողոքի ակցիաների պատճառ է դարձել: