Ուկրաինայի կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի նախագիծը: «Հենց նոր կառավարությունը հաստատեց համաձայնագրի նախագիծը»,- նիստից հետո հայտարարել է կառավարության մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Ուկրաինայում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Յան Տոմբինսկին ընդգծել է, որ սա «Ուկրաինայի կառավարության կողմից շատ լուրջ քայլ է»: Նրա խոսքով՝ նախագիծը միաձայն ընդունվել է կառավարության բոլոր անդամների կողմից: Տոմբինսկին նշել է, որ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին Համաձայնագրի ստորագրումը կդառնա «Ուկրաինայի ու ԵՄ-ի բոլոր քաղաքացիների համատեղ հաջողությունը», հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ Մաքսային միությանը միանալու մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո Եվրամիության ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ միաժամանակ Մաքսային միությանն անդամագրվելն ու ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր կնքելն անհամատեղելի են: