Էջմիածին քաղաքում բնակվող բազմազավակ ընտանիքի նույնիսկ հինգերորդ նստացույցը նախագահի նստավայրի առջև չգրավեց երևանյան լրատվամիջոցների ուշադրությունը: Տան զգալի մասը կորցնելու եզրին հայտնված Խուդոյանների ընտանիքի պատմությանն անդրադարձան մեկ-երկու կայքեր: Նախագահի աշխատակազմի, Էջմիածնի ոստիկանության, քաղաքապետի, դատախազության, մայրաքաղաքի ոստիկանության ջանքերը ուղղվում են Խուդոյաններին նստավայրի դիմացից հանելուն:
Նախորդ ուրբաթ երեխաներից երկուսի հիվանդանալուց հետո նրանք մի քանի օրով դադարեցրին ակցիան, իսկ երբ հայրը երեկ վերադարձել է դստրերից մեկի հետ, Արաբկիրի փոխոստիկանապետ Արայիկ Պետրոսյանը վերջինիս տեղեկացրել է, որ Անկախության տոնի առթիվ իրենք հրաման ունեն բողոքողներին բռնի ուժով հանել նստավայրի դիմացի մայթից: Այսօր առավոտյան Խուդոյանին կրկին սպառնացել են, որ չեն թողնելու ևս մեկ գիշեր անցկացնել Բաղրամյան պողոտայում, քանի որ ունեն Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի համապատասխան հրամանը:
Ամեն անգամ նստացույցի մեկնարկից հետո ընտանիքի հորը համոզում են տուն վերադառնալ և ամոթանք են տալիս, թե իբր նա չի մտածում իր երեխաների մասին: Աշոտ Խուդոյանն ասում է, որ փորձում է փրկել ընտանիքին փողոցում մնալուց: Խուդոյաններին խոստանում են լուծել խնդիրը, բայց անմիջապես Էջմիածին վերադառնալուն պես, բոլոր ատյանները գործը շարունակում են տանել ի վնաս բազմազավակ ընտանիքի:
Էջմիածնի կենտրոնում գտնվող պապական տանը տիրանալու իրավունքը դատարանով վիճարկում են Աշոտ Խուդոյանի եղբայրը, ամերիկաբնակ մայրը և երևանաբնակ քույրը: Աշոտն ապացույցներ է ներկայացնում, որ տան վերաբերյալ պապու կտակը և մնացած փասթաթղթերը կեղծվել է նոտարում և կադաստրում:
Աշոտն համաձայնել է հաշտություն կնքել, իսկ իր հարազատները պատրաստ են հրաժարվել գույքի հանդեպ ունեցած պահանջներից: Սակայն հաշտության պայմանագիրը, որը առաջարկվում է Աշոտին, իր համար երկու անընդունելի կետ է պարունակում: Մեկում նշվում է, թե այս տարիների ընթացքում կողմերից և ոչ մեկի կողմից ոչ մի անօրինական գործողություն չի կատարվել, ինչը, Աշոտի խոսքով, նշանակում է, որ մի քանի տարիների ընթացքում ինքը «զրպարտում էր բարեկամներին և կեղծ ապացույցներ ներկայացնում», իսկ դա հետագայում կարող է օգտագործվել իր դեմ:
«Ես նպատակ չունեմ բարեկամներիս նստացնել կամ վնաս պատճառել, ինձ իմ տունն է պետք, բայց, ստորագրելով այս փաստաթուղթը, ես ինձ հարվածի տակ եմ դնում», – ասել Խուդոյանը:
Մյուս կետում նշված է, որ դատական բոլոր ծախսերը պարտավորվում է հոգալ նույն Աշոտ Խուդոյանը, ով գտնվում է ծայրահեղ ծանր սոցիալական վիճակում: Նրա զարմանքն է առաջացնում այն փաստը, որ իր փաստաբան Սեդա Սաֆարյանը նույնպես առաջարկում է ստորագրել հենց այս «հաշտության» տարբերակը:
«Տպավորություն կա, որ հակառակ կողմը կաշառել է նաև իմ պաշտպանին, որի գործողությունները մեր շահերին հակառակ են», – նշել է Աշոտը:
Խուդոյանի 4-րդ նստացույցը համընկել է Մաքսային միությանը անդամակցելու դեմ նախագահականի մոտ բախումների հետ, և շատ լրագրողներ չէին կարող չնկատել Բաղրամյան մետրոյի մոտ տեղադրված պաստառը, երեխաներին և իրենց ծնողներին: ԶԼՄ-ների ներկայացուցիչները մոտենում էին նստացույցի մասնակիցներին, նկարահանում, հարցազրույցներ անում, բայց նյութերը չէին թողարկվում: Լրագրողները, կարծես, հետևելով ոստիկանների օրինակին, մեկնաբանում են իրավիճակը իբրև ընտանեկան վեճ կամ «դատվածություն ունեցող խորամանկ տղամարդու շնից մազ պոկելու ևս մեկ փորձ»: Նախկին դատվածությունը Աշոտի երեսով են տալիս թե՛ ոստիկանները, թե՛ իրավաբանները, թե՛ իրավապաշտպանները:
«Սակայն երբ ես իրենց հետ օրենքի լեզվով եմ խոսում, ասում են՝ օրենքը մի կողմ թող և ինձ հետ գողականով են խոսում», – ասում է Խուդոյանը:
Epress.am-ի թղթակցի հետ մասնավոր զրույցում ոստիկաններից մեկը բացատրեց, որ Խուդոյանը սխալ տեղ է եկել բողոքելու: «Ախր, նախագահը ո՞նց կարա ազդի դատական համակարգի վրա: Առանց օրենքներին ծանոթանալու գալիս, նստում են նստավայրի դեմը: Էդ մարդը դատվածություններ ունի, իսկ դուք առանց մտածելու ամեն ինչ գրում եք: Տենց չի կարելի՝ մենք թշնամիներով շրջապատված երկիր ենք», – բացատրել է համազգեստով մարդը՝ նշելով, որ «խոսում է որպես մարդ, այլ ոչ թե որպես ոստիկան»: