Հարյուրավոր մարդիկ գերադասեցին նշել Հայաստանի անկախության 22-րդ տարեդարձը բողոքի երթով: Ընդդիմադիր քաղաքացիները՝ ձախերը, ազգայնականները, իրավապաշտպաններն ու արվեստագետները անցան Երևանի կենտրոնական փողոցներով՝ միավորված իրական անկախացման, ինքնիշխանության, ինչպես նաև երկրի ղեկավարին պաշտոնանկ անելու պահանջով: Վերջինս այսօր իր նստավայրում պարգևատրել է գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի և մշակույթի ոլորտների, սփյուռքի մի խումբ ներկայացուցիչների, զինված ուժերի, իրավապահ մարմինների զինծառայողների: Ոստիկանությունը շրջապատել էր նախագահականը՝ չթողնելով բողոքի ակցիայի մասնակիցներին մոտենալ շենքի դարպասներին: Ճանապարհի այս կողմում վանկարկում էին «Հեռացիր» և «Չեբուրաշկա», կոչ էին անում ոստիկաններին և քաղաքացիական հագուստով ուժայիններին չծառայել ապօրինի իշխանությանը, չընտրված նախագահին: Մյուսները պահանջում էին Սերժ Սարգսյանին «նախագահ» չանվանել: «Նախագահ չկա այս երկրում, ինքը պռոստո Սաշիկի ախպերնա», – նշեց մասնակիցներից մեկը՝ արժանանալով բուռն ծափահարությունների:
Լուսանկարները՝ Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և քաղաքացիական ակտիվիստ Ծովինար Նազարյանը
Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը
ներկաների պնդմամբ՝ քաղաքացիական հագուստով ուժային կառույցի ներկայացուցիչներ
նախագահի գրասենյակի դիմաց շուրջօրյա նստացույց անցկացնող ընտանիք
քաղաքացիական հագուստով անձը ակտիվ մասնակցում էր ոստիկանական գործողություններին