Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացրած մահափորձի գործով դատավարությունն առաջին իսկ օրվանից ընթացել է աչքաչափով, այլ ոչ թե օրենքի համաձայն, պատիժն էլ նշանակվել է աչքաչափով: Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այս մասին ասել է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը:
Հիշենցնենք, որ դատավոր Գագիկ Պողոսյանը մահափորձը պատվիրելու մեջ մեղադրվող Սեդրակյանին 14 տարվա ազատազրկման է դատապարտել, թեև մեղադրող դատախազ Արամ Ամիրզադյանը 12 տարի էր պահանջել: Մահափորձի կազմակերպման մեջ մեղադրվող Սամվել Հարությունյանը 12 տարի է ստացել, իսկ Հայրիկյանի վրա կրակած Խաչիկ Պողոսյանը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման:
Երկարաժամկետ ազատազրկման դատապարտված Վարդան Սեդրակյանն առանց որևէ էմոցիաների է ընդունել դատավորի վճիռը: Լրագրողներից մեկի այն հարցին, թե որքանով էր Սեդրակյանի համար սպասված նման վճիռը, նախագահի նախկին թեկնածուն պատասխանել է. «Դատավորությանը հետևել եք, որևէ ապացույց լսե՞լ եք իմ դեմ»:
Ալեքսանդր Սիրունյանի խոսքով՝ ինքը վստահ չէ, թե ով է կրակել Հայրիկյանի վրա, սակայն այն, որ դրա հետ Վարդան Սեդրակյանը կապ չունի, միանշանակ է:
«Կարող ա, և կրակել են, կարող ա և Պարույր Հայրիկյանի վրա: Ի՞նչ կապ ունի Վարդանը դրա հետ: Էս գործը, էն ապացույցների քանակով, որ ունեին, մեկուկես ամսվա գործ էր, արհեստակորեն երկարացրեցին: Մենք ասում էինք՝ արագացրեք, ինչ անում եք, արեք, շուտ պրծնենք», – ասել է Սիրունյանը՝ նշելով, որ իրենք պատրաստվում են բողոքարկել վճիռը հայաստանյան դատարանի վերին ատյաններում, արդարադատության չհասնելու դեպքում՝ նաև Եվրոպական դատարանում:
Այն հարցին, թե ինչպես պաշտպանը կմեկնաբանի այն, որ Սեդրակյանի մասով դատարանը երկու տարով էլ ավելացրել է նրա պատիժը՝ Սիրունյանը պատասխանել է. «Երևի հաշվի են առել, որ հիվանդ է, թե չէ կարող քսան տարի տալ»: