Մայիսից սկսած Երևանում և մարզերում բողոքի ակցիաներ անցկացնող ազատամարտիկները Սերժ Սարգսյանից պահանջում են ազատ արձակել սեպտեմբերի 19-ին ձերբակալված ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին:
Ազատամարտիկների խորհուրդը բաց նամակ է հղել Սերժ Սարգսյանին, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանին, ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամ Թամրազյանին, որում համոզմունք է հայտնում, որ Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալությունը պայմանավորված է վերջին ամիսներին նրա ծավալած գործունեության հետ:
«Սեպտեմբերի 19-ին, ժամը 22:30-ին իր տնից առևանգվել է ազատամարտիկ, Հայոց բանակաշինության մեջ մեծ դերակատարություն ունեցող գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը: 20.09.2013թ. ՊՆ-ն հայտարարություն է տարածել, ըստ որի իբր թե Վոլոդյա Ավետիսյանը մեծ չափով գումար է հափշտակել կամ խաբեությամբ վերցրել՝ Հ. Զաքարյանի թոռանը բանակից ազատելու համար: Այդ անհեթեթ հայտարարությունը չի կարող համապատասխանել իրականությանը, քանի որ նախ՝ Վ. Ավետիսյանն այս պահին պահեստի գնդապետ է և համակարգում որևէ պաշտոն չի զբաղեցնում, ապա՝ նրան ճանաչելով՝ հայտնում ենք, որ նա այդ անձնավորությունը չէ:
Մենք համոզված ենք, որ նրա նկատմամբ այդ սադրանքը պայմանավորված է վերջին ամիսների հասարակական ակտիվ գործունեությամբ, որով նա պահանջում է արժանապատիվ կյանք՝ բոլոր ազատամարտիկների համար: Մի՞թե բազմաթիվ պարգևներ և մեդալներ ստացած, ազատամարտիկների մոտ հարգանք վայելող հրամանատարն արժանի էր այսպիսի շնորհավորանքի՝ անկախության 22-րդ տարելիցի կապակցությամբ: Նրա՝ մեկուսարանում գտնվելու փաստը միանգամայն ապօրինի է: Մենք մեր զայրույթի ձայնն ենք բարձրացնում և պահանջում անհապաղ ազատ արձակել նրան մեկուսարանից: Եթե նախաքննությանն անհրաժեշտ է նրա ներկայությունը, ապա մենք՝ ներքո ստորագրյալներս, երաշխավորում ենք, որ նա չի խոչընդոտի այդ գործընթացին: Ռազմի դաշտում լինելով Լեոնիդ Ազգալդյանի ընկերը և նրա տեղակալը՝ նա միշտ աչքի է ընկել մարդասիրական հատկանիշներով, քարոզել ու մինչև օրս քարոզում է օրինականություն և հայրենասիրություն: Նման անձնավորությունը չի կարող լինել հանցագործ և անկախության տոնը պետք է նշեր իր մարտական ընկերների հետ:
Պահանջում ենք ազատ արձակել Վոլոդյա Ավետիսյանին, այլապես նրան դատապարտելը մեծ հարված կլինի ոչ միայն ազատամարտիկների, այլև ազգային բանակի հեղինակությանը», – ասված է բաց նամակում: