Home / Հայաստան / Վարդան Սեդրակյանը երկարաժամկետ ազատազրկման դատապարտվեց

Վարդան Սեդրակյանը երկարաժամկետ ազատազրկման դատապարտվեց

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը 14 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ մեղավոր ճանաչվելով ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի մեկ այլ նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձը կազմակերպելու մեջ:

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայանքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը Սեդրակյանի մեղքն ապացուցված է համարել, ու, չնայած, մեղադրող դատախազ Արամ Ամիրզադյանը 12 տարի էր պահանջել, ավելի խիստ պատիժ է սահմանել Սեդրակյանի համար: Մահափորձի կազմակերպման մեջ մեղադրվող Սամվել Հարությունյանը 12 տարի է ստացել, իսկ Հայրիկյանի վրա կրակած Խաչիկ Պողոսյանը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման:

Նշենք, որ դատական նիստերից մեկի ժամանակ Հարությունյանը և Պողոսյանը ասել էին, որ Վարդան Սեդրակյանն իրենց սպանությունը չի պատվիրել, մինչդեռ նախաքննության փուլում նրանք հայտարարել էին, որ պատվերը Սեդրակյանն է տվել: Հունիսի 24-ին կայացրած դատական նիստին Սամվել Հարությունյանը հայտարարել էր, որ ինքը երկար ժամանակ աշխատել է Վարդան Սեդրակյանի մոտ և վերջինս միշտ պայմանավորվածից քիչ փող է իրեն տվել: Սա, ըստ ամբաստանյալի, այնքան է զայրացրել իրեն, որ որոշել է Սեդրակյանին վատություն անել՝ մեծ աղմուկ բարձրացնելով և Սեդրակյանին դրա մեջ ներքաշելով:   

Հիշեցնենք նաև, որ Պարույր Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը դատաքննության ընթացքում միջնորդել է իր պաշտպանյալին 43 միլիոն 424 հազար դրամ վճարել որպես վնասի փոխհատուցում: Դատավորն այսօր հայտարարել է, որ հարցը թողնում է առանց քննության: