Սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը ՊԲ զորամասերից մեկի մարտական դիրքում զոհված 19-ամյա Խաչատուր Խաչատրյանի մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 3 զինծառայողի:
ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը News.am-ին հայտնել է, որ ժամկետային զինծառայող Տիգրան Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օր.-ի 365 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ): Հակոբյանը կալանավորված է:
Մեղադրանք է առաջադրվել դիրքի ավագ, ավագ սերժանտ Արթուր Զոհրաբյանին ` ՀՀ Քր.օր.-ի 375-ի 1-ին մասի հատկանիշներով (Հրամանատարի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը):
Դիրքի ավագի օգնական սերժանտ Արթուր Մարտիրոսյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Մարտական հերթապահության կանոնները խախտելը մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնների նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով եւ առաջացրել է էական վնաս): Վերջին երկու զինծառայողների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է զորամասի հսկողությանը հանձնելը: