Սեպտեմբերի 23-ի երեկոյան հարձակում են գործել ադրբեջանցի քաղաքացիական ակտիվիստ Օքթայ Գյուլալիևի որդու՝ Ալի Գյուլալիևի վրա: Շուրջ 4-5 երիտասարդներ ծեծել են 16-ամյա Գյուլալիևին ու դանակի երկու հարված հասցրել նրան: Երիտասարդի վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Ինչպես հայտնում է Turan գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել ժամը 22.00-ի սահմաններում, երբ տղան դուրս է եկել տնից՝ համադասարանցուց դասագիրք վերցնելու նմատակով: Վերադառնալիս՝ տնից մոտ 100 մետր հեռավորության վրա, նրա վրա հարձակվել են 4-5 երիտասարդներ ու սկսել ծեծել: Երիտասարդին նաև դանակի երկու հարված են հասցրել՝ ձախ ձեռքին ու ձախ ազդրին՝ 12սմ խորությամբ:
Արնահոսող տղային տուն են հասցրել պատահական անցորդները, ինչից հետո նա անմիջապես հոսպիտալացվել ու վիրահատվել է:
Հանցագործության դրդապատճառները դեռևս հայտնի չեն: Ինչպես հայտնում է Contact.az-ը, ըստ որոշ փորձագետների, տղային ծեծի են ենթարկել ու ծանր վնասվածքներ հասցրել՝ որպես նախազգուշացում:
Օքթայ Գյուլալիևը «Քուռ» («Kura») քաղաքացիական միության շտաբի անդամ է, ով կոռուպցիայի փաստեր է բացահայտել 2010 թվականին Քուռ գետի տարածքում տեղի ունեցած ջրհեղեղի ու 2012 թվականին Զագատալիում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների վերացման գործընթացում:
Օքթայ Գյուլալիևը նաև «Ադրբեջանն առանց քաղաբանտարկյալների» հասարակական միության անդամ է, ինչպես նաև Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհրդի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Ջամիլ Հասանլիի մամուլի կենտրոնի ղեկավարը: