ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի (լուսանկարում) որդին՝ Արա Օսկանյանը և նրա ընկերը՝ Վահագնն առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ գործածելու համար ենթարկվել են վարչական պատասխանատվության: Այս մասին news.am-ին հայտնել են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ Օսկանյանը և նրա ընկերը բերման էին ենթրակվել օգոստոսի 29-ին թմրամիջոցներ պահելու կասկածանքով: Դեռևս երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթը, իր աղբյուրների վրա հղում կատարելով, գրել էր, որ Արա Օսկանյանի և նրա ընկերոջ բաժին բերման ենթարկվելուց հետո նշանակված փորձաքննությունը հաստատել է թմրամիջոց գործածելու փաստը:
«ՀԺ»-ի հրապարակումից հետո արդեն ոստիկանությունը, իր հերթին, հաստատել է, որ փորձաքննության դրական եզրակացության հիման վրա որոշում է կայացվել երկուսին էլ տուգանել 200 հազար դրամով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 44-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին մասի հատկանիշներով (առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածելը):