Իրանի նախագահ Հասան Ռոհանին Հոլոքոստը պատմական փաստ է ճանաչել: Ամերիկյան ԶԼՄ-ների հետ զրույցում Իրանի նախագահն ասել է, որ Հոլոքոստը հանցագործություն է, որն իրականացվել է նացիստների կողմից հրեաների դեմ: «Մարդկության դեմ իրականացված յուրաքանչյուր հանցագործություն, այդ թվում` նացիստների կողմից հրեաների դեմ իրականացված հոլոքոստը, անընդունելի ու դատապարտելի է: Մարդկանց սպանությունը սարսափելի է, անկախ նրանից՝ խոսքը քրիստոնյաների, հրեաների, թե մահմեդականների մասին է»,- ասել է նա:
Ռոհանիի այս հայտարարությունը հատկապես անսպասելի էր, քանի որ Իրանի նախորդ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը բազմիցս հանդես է եկել Իսրայելի դեմ ու հայտարարել, որ Հոլոքոստը միայն պատմական միֆ է, նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում իր ելույթի ժամանակ Ռոհանին հայտարարել է, որ պատրաստ է անմիջապես բանակցություններ սկսել այս հարցի շուրջ, ինչպես նաև երկրներին կոչ է արել հրաժարվել միջազգային պատժամիջոցների պրակտիկայից: Իրանի նախագահն ասել է, որ միջուկային զենքն իր երկրի ռազմական քաղաքականությունում տեղ չունի:
«Իրանի միջուկային ծրագիրը պետք է բացառապես խաղաղ նպատակների ծառայի: Միջուկային զենքն Իրանի ռազմական քաղաքականությունում ու անվտանգության ոլորտում տեղ չունի»,- ասել է Ռոհանին: