ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ երեկ երեկոյան Սյունիքի մարզում ռուսաստանցի սահմանապահների կողմից պատգամավոր Զարուհի Փոստանջյանի մեքենան կանգնեցնելու փաստի առթիվ ՀՀ պատկան մարմինները պետք է պարզաբանում տրամադրեն Հայաստանի տարածքում օտարերկրյա հատուկ ծառայության տարբերանշաններով անձանց գործողությունների վերաբերյալ:
Այս մասին Փաշինյանը գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում՝ անդրադառնալով երեկվա միջադեպին:
«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ: Խստորեն դատապարտում եմ ՌԴ հատուկ ծառայությունների տարբերանշաններ ունեցող համազգեստներով անձանց գործողությունները Հայաստանի Հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմնի անդամի նկատմամբ: Ակնկալում եմ պատկան մարմիններից մանրամասն պարզաբանումներ ստանալ ՀՀ տարածքում օտարերկրյա հատուկ ծառայության տարբերանշաններով անձանց գործողությունների վերաբերյալ, եւ առաջիկայում այս ուղղությամբ կձեռնարկեմ ԱԺ պատգամավորի իմ լիազորություններից բխող գործողություններ»,-գրել է Փաշինյանը: