Սերժ Սարգսյանը Արմեն Սարգսյանին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել (նստավայրը՝ Լոնդոն):
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից Epress.am-ին փոխանցեցին, որ խոսքը ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի մասին է: Սարգսյանը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 1996-97թթ., նրան այդ պաշտոնում նախորդել է Հրանտ Բագրատյանը, իսկ հաջորդել է Ռոբերտ Քոչարյանը: Սարգսյանը 1998-2000թթ. արդեն զբաղեցրել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանի պաշտոնը, հետագայում զբաղվել է գործարար գործունեությամբ:
Սարգսյանը ղեկավարում է «Երևան, իմ սեր» հիմնադրամը, որին ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 19-ի նիստում նվիրաբերել է Կոզեռնի փողոցի 11 հասցեում գտնվող 298.06 քմ մակերեսով և 115 մլն 624 հազար դրամ շուկայական արժեքով հողամասը:
Մայիսին Արմեն Սարգսյանի ղեկավարած հիմնադրամը նախաձեռնել էր Բրիտանիայի Արքայազն Չարլզի այցը Հայաստան: Մամուլի հրապարակումների համաձայն, ՀՀ նախագահի նստավայրում Չարլզի պատվին կազմակերպված ճաշկերույթին մասնակից հայ գործարարներին պարտավորեցրել են 15-35 հազար դոլար գումար հանգանակել «Երևան, իմ սեր» հիմնադրամին:
Նշենք նաև, որ մարտին բրիտանական «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերությունը Արմեն Սարգսյանին տնօրենների խորհրդի անդամ է նշանակել: «Լիդիան ինթերնեյշնլը» Հայաստանում գործող «Գեոթիմ» ընկերության 100% բաժնեմասի սեփականատերն է, որը շահագործում է Ամուլսարի հանքը: