Հայաստանում մաքսային ոլորտում դեռևս բազմաթիվ մարտահրավերներ կան, այսօր «Մաքսային բարեփոխումները Հայաստանում» խորագրով համաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:
«Մենք շարունակելու ենք աշխատել պետական եկամուտների կոմիտեի, ֆինանսների նախարարության, քաղաքացիական հասարակության հետ՝ այս խնդիրները լուծելու ուղղությամբ»,- դեսպանի խոսքերը փոխանցում է lragir.am-ը:
Անդրադառնալով Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշմանը, դեսպանը նշել է, որ պետք է կրկնի իր վերջին հարցազրույցում հնչեցրած տեսակետը. «Հայաստանը ինքն է կայացնում իր որոշումները, և ԱՄՆ-ն, Հայաստանի բարեկամ գործընկերները շարունակելու են աշխատել Հայաստանի հետ»:
Համաժողովի բացմանն իր ելույթում Ջոն Հեֆերնը նշել է, որ իրեն հաճախ հարցնում են՝ ԱՄՆ-ի ինչի՞ն են պետք Հայաստանի մաքսային բարեփոխումները, ի՞նչ կստանա ԱՄՆ-ն դրանից:
«Ոչ մի բան, մենք օգուտ չունենք, մենք բարելավում ենք միջավայրը, երբեմն նույնիսկ քննադատում ենք ՀՀ իշխանություններին»:
Դեսպանը հիշեցրել է նաև՝ Հայաստանը դեռ շարունակում է մնալ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ, պարտավորություններ է ստանձնել, պետք է կատարի իր պարտավորությունները: