Երեկ երեկոյան հարձակման ենթարկված «Նախախորհրդարան» նախաձեռնության աջակից Սուրեն Գևորգյանը արյան զեղում ախտորոշմամբ գտնվում է վերակենդանացման բաժնում: Ինչպես հաղորդում է «Նախախորհրդարան»-ը, ըստ բուժող բժշկի, եթե մոտակա 72 ժամում վիճակի բարելավում տեղի չունենա, ապա վիրահատական միջամտության անհրաժեշտություն կզգացվի
Համաձայն նախաձեռնության, «վարչախմբին սպասարկող թաղի խուժանը, որը ընտրությունների ժամանակ իշխանության և ժողովրդի միջև հանցավոր միջնորդի դեր է կատարում և ընտրակաշառք բաժանում, այսօր արդեն իրեն հարիր մեթոդներով լծվել է Նախախորհրդարանի աջակիցների վրա հարձակում գործելու առաքելությանը, դրանով իսկ ծառայություն մատուցելով իր տերերին»:
««Նախախորհրդարան»-ը հայտարարում է և զգուշացնում, որ նման մեթոդներով ոչ վարչախումբը և ոչ էլ նրա սպասարկուները չեն կարող կասեցնել ազգային ազատագրական անկասելի պայքարը», – ասված է նախաձեռնության հայտարարության մեջ: