Ռուսաստանցի հրապարակախոս Անտոն Օրեխը, թեև հիացած չէ Վրաստանի գործող նախագահով, սակայն «Էխո Մոսկվի» կայքում հրապարակած իր՝ «Եվ ինչո՞ւմ է սխալ Սաակաշվիլին» հոդվածում եկել է այն եզրակացության, որ Սաակաշվիլին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի իր ելույթում ոչ մի սխալ բան չի ասել:
– Որպեսզի հասկանալի լինի, միանգամից ասեմ, որ ես Միխեիլ Սաակաշվիլիի երկրպագուն չեմ ու կարծում եմ, որ նրա պատասխանատվությունը 2008 թվականի պատերազմի հարցում այնքան էլ քիչ չէ, քան մեր ղեկավարներինը: Բայց ահա Սաակաշվիլին ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, իսկ մեր պատվիրակությունը ցուցադրաբար լքեց դահլիճը՝ Սաակաշվիլիին ռուսաֆոբ անվանելով ու ակնարկելով, որ այդ պարոնի խելքը տեղը չէ: Սաակաշվիլիի ելույթի տեքստը կարդալով, սակայն, ես ոչ մի թերություն չեմ կարող գտնել: Նա ասում է, որ մեզ ձեռնտու է իրարանցումը հարևան երկրներում, որ մեզ ձեռնտու է ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի հաշտեցումը, այլ հակամարտության շարունակությունը: Իսկ ինչ է՝ դա այդպես չէ՞:
Նա ասում է, որ անգամ Նարնջագույն հեղափոխության ձախողումից հետո, մենք ճնշում ենք գործադրում Յանուկովիչի վրա այն պատճառով, որ նա ցանկանում է միանալ Եվրամիությանը. սա անգամ կասկածի տեղիք չի տալիս: Այս մասին բացեիբաց խոսում է ոչ միայն Սաակաշվիլին, այլ նաև մեր Վլադիմիր Վլադիմիրովիչն ու Դմիտրի Անատոլևիչը: Արդյո՞ք Սաակաշվիլին ճիշտ չէ, երբ ասում է, որ «մեր ավանդույթները ոչնչացվում են Արևմուտքի ազդեցության տակ, որ քրիստոնեական տոները փոխարինվել են գեյ շքերթներով, իսկ եկեղեցին՝ բազմամշակույթ Դիսնեյլենդով, որը վտանգում է մեր ուղղափառությունը»: Ռուսաստանի ղեկավարության սեռական անբավարարվածությունն ու պաշտոնական ուղղափառության համատարած պարտադրումն ակնհայտ են: Բացի այդ, ինչ-որ մեկը կասկածո՞ւմ է, որ մեզ ղեկավարում են նախկին ԿԳԲ-ի աշխատակիցներ, ու որ հետխորհրդային տարածքում մեր քաղաքականության նպատակը խորհրդային կայսրության վերականգնումն է:
Ես անկեղծ չեն հասկանում, ո՞րն է այստեղ դեմարշ անելու առիթը: Եթե դուք ուզում եք վերականգնել կայսրությունը, ապա ինչի՞ց եք ամաչում: Եթե ձեզ հաճելի չէ սա լսել, ուրեմն այստեղ ինչ-որ բան այն չէ: Նշանակում է՝ ձեր միջոցներն ու նպատակները հեռու են ազնվականությունից, այլապես դուք այդքան չէիք անհանգստանա: Եթե դուք ամեն առիթով ճնշում եք գործադրում հարևանների վրա ու ընդունում նրանց միայն այն որոշումները, որոնք ձեռնտու են ձեզ ու ձգտում եք կանխել նրանց ինքնուրույնությունը, ապա ինչո՞ւ եք նեղանում, եթե դա ճշմարտությունն է: Առավել ևս՝ այդ մասին խոսողին կասկածում խելագարության մեջ: Անձամբ ինձ խելագարություն է թվում այն, ինչով զբաղված է մեր հարազատ ղեկավարությունը: Այն խելագար օրենքներ է ընդունում ու փորձում 21-րդ դարում Ռուսաստանում կոմունիզմի ու հիմարության խառնուրդ ստեղծել՝ եկեղեցական խավարամտության տարրերով: Ուզում է օգտվել արևմտյան քաղաքակրթության բոլոր բարիքներից, ապրել շքեղության մեջ, բայց միևնույն ժամանակ, աշխարհից անջատվել նոր Երկաթե վարագույրով: Դե, ո՞ւմ հոգեկան վիճակն է մասնագետների գնահատական պահանջում: Նրանք վրդովվել են հենց այն պատճառով, որ Սաակաշվիլին դիպել է նշանակետին, ու ոչ մեկ անգամ: