Երեկ ժամը 17:00-ի դրությամբ կալանավորել են քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին: Կալանավորելուց րոպեներ առաջ Սուրենյանցի հետ զրուցել է «Հրապարակ» օրաթերթը:
«Ի՞նչ ա եղել, թող գան կալանավորեն, մի անգամ ինձ իմ գործունեության համար կալանավորել են, պատրաստ եմ մեկ անգամ ևս անազատության մեջ հայտնվել: Ավելի լավ է Տիգրան Առաքելյանի հետ միասին նստեմ, քան թե Լֆիկի (նկատի ունի ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին) նմանների կողքին նստեմ», – ասել է Սուրենյանցը:
Թերթը նշում է, որ ընդամենը նախօրեին նա ասուլիս էր տվել և ասել, որ Սամվել Ալեքսանյանը բարերար է, ով փրկել է Փակ շուկան առնետանոց դառնալուց։
Սուրենյանցը նաև «Հրապարակ»-ին ասել է, որ ինքն ընդամենը 500 հազար դրամ պարտք է ունեցել, որը մարել է. «Տուժողը բողոք չունի, ոստիկանությունը գործը որոշել է ուղարկել դատարան…»։
«Այս խոսքերի վրա նա ասաց. «Մի րոպե, մի րոպե», և դարձավ անհասանելի։ Պարզվեց, որ հենց այդ պահին՝ ժամը 17:00-ին, նրան բերման են ենթարկել Կենտրոնի ոստիկանություն և կալանավորել»,–գրում է թերթը։
Հիշեցնենք, որ նրան կալանավորելու որոշում էր երեկ կայացրել Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասությունների դատարանը՝ պատճառաբանելով, որ Սուրենյանցը չէր ներկայացել դատական նիստին: Սուրենյանցը մեղադրվում է Աշտարակի բնակիչ Հեղինե Սարգսյանից 530 հազար դրամ խարդախությամբ հափշտակելու համար։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում