ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնելու դեպքում Գևորգ Կոստանյանը մտադիր է հրապարակային դարձնել գլխավոր դատախազության աշխատանքը և ցանկացած գործի անդրադառնալ մամուլում` հասանելի դարձնելով դրա մանրամասները:
Այս մասին Գլխավոր դատախազի թեկնածու Կոստանյանն այսօր ասել է Ազգային ժողովում ՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն անդրադարձել է աղմկահարույց գոմեշի մսի մատակարարման գործին՝ հարցնելով, թե ինչով է պայմանավորված ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանի նկատմամբ Կոստանյանի մեղմ վերաբերմունքը: Նշենք, որ համաձայն տարածված լուրերի, Փայտյանին համակարգից ազատել են այդ գործի համար, սակայն մեղադրանք չեն առաջադրել:
Կոստանյանն ասել է, որ չի կարելի մարդու նկատմամբ մեղադրանք առաջադրել՝ դատելով միայն հանրային կարծիքից:
Սուրիկ Խաչատրյանի տանը կատարված սպանության գործի մասին զինդատախազին հարց է ուղղել ՀԱԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ գործը քննում էր ՀՀ զինդատախազությունը: Քննչական մարմինը պարզել է, որ Սուրիկ Խաչատրյանի որդին մեղավոր չէ Ավետիք Բուդաղյանի սպանության մեջ, քանի որ, համաձայն, գործը քննողների, նա ինքնապաշտպանվել է:
«Տեսաձայնագրության 23.04.08 վայրկյանին ունենք տեսարան, որ Ավետիք Բուդաղյանը գնում է Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի հետևից: Մեկը կանչում է՝ «Ավետ», Ավետիք Բուդաղյանը հետ է դանռում և ստանում է վնասվածքը, որը գործում նշվում է որպես թիվ մեկ վնասվածք և որն էլ մահացու է եղել: Դուք ճշտե՞լ եք, ով է եղել այդ կանչողը», – հարցրել է Փաշինյանը:
«23.02 վայրկայանին էլ Արտակ Բուդաղյանի մեքենան է ժամանում, և Արտակ Բուդաղյանը դուրս է գալիս զենքը ձեռքին: Բոլորը ուղղվում են դեպի Բուդաղյանը: Կարևորը մի հանգամանք է, բոլորը հանկարծակի եկած զենքը ձեռքին մեքենայից դուրս եկող անձից, փոխում են իրենց գործողությունները: Այսինքն ՝ դեպքերի հաջորդականությունը հստակ ֆիքսված է: Ով է կանչել, ով չի կանչել, էական չի, մենք խոսում ենք իրավական գնահատականից, և իրավական գնահատականի հետ բացարձակորեն կապ չունի», – պատասխանել է Կոստանյանը:
Նա հավելել է, որ նախաքննությունն անցկացվել է օբյեկտիվության պահպանման այն աստիճանով, որ դատախազությունը ամբողջությամբ կարողացել է հերքել տուժողի ներկայացուցչի ներկայացրած ցանկացած և յուրաքանչյուր վարկած:
Կոստանյանն անդրադարձել է այն հրապարակումներին, թե դատախազության դիրքորոշումը պայմանավորված է մեղադրյալի՝ Սուրիկ Խաչատրյանի որդին լինելու հանգամանքով:
«Անկախ նրանից, թե հասարակության որոշակի հատված ինչ վերաբերմունք ունենք տվյալ անձի նկատմամբ, դա չի կարող ազդեցություն ունենալ քրեական գործում որոշումների վրա: Ես չեմ կարող առաջնորդվել հասարակության համակրանքով կամ հակակրանքով», – ասել է Գևորգ Կոստանյանը: