Հանրային հեռուստառադիոընկերությունը չի պատասխանել ԱԺ պատգամավորի հարցմանը: Նա պնդում է, որ վերջին շրջանում դա տեղեկատվություն չտրամադրելու երրորդ դեպքն է:
ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանն (լուսանկարում) այսօր ԱԺ-ում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի հաշվետվությունից հետո հիշեցրել է, որ Խորհրուրը իր՝ պատգամավորի հարցմանը պատասխան չի տվել:
Մանուկյանն ասել է, որ ինքը հարցում է արել այն մասին, թե որքան գումար է մտնում հեռուստառադիոընկերության բյուջե գովազդների հաշվին: Պատգամավորի խոսքով՝ եթե երկու օրվա ընթացքում իր հարցին պատասխան չտրվի, ինքը այլ հայտարարությամբ հանդես կգա:
Մանուկյանը նաև նշել է, որ սա երրորդ դեպքն է, երբ իր՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտվում է: Առաջին դեպքն այն է, երբ Մանուկյանը դիմել էր Կառավարությանը՝ «Հայռուսգազարդ»-ի հետ կնքած պայմանագրի մասին տեղեկատվություն ստանալու համար:
Երկրորդը եվրաինտեգրման գործընթացում Պետբյուջեից ծախսված գումարների մասին հարցն է: Պատգամավորի խոսքով՝ ինքը խոստում է ստացել կառավարությունից, սակայն տեղեկատվություն այդպես էլ չի ուղարկվել: