Իրավական երկրում Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցածի առնչությամբ զինդատախազության կողմից տարված քննությունը կարող էր հանգեցնել Գևորգ Կոստանյանին զինդատախազի պաշտոնից հեռացնելուն և գործում որպես կասկածյալ նրան ներգրավելուն, այլ ոչ թե նրան որպես Գլխավոր դատախազի թեկնածու ներկայացնելուն: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը:
«Ակնհայտ է, որ գլխավոր դատախազի պաշտոնում Գևորգ Կոստանյանը չի կարող լինել ավելին, քան Աղվան Հովսեփյանի՝ Նոտինգեմի դիպլոմով տեսակը: Ես դեմ եմ քվեարկելու Կոստանյանի թեկնածությանը», – ասել է Փաշինյանը:
Վերջինս շարունակել է խոսել Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած դեպքերի մասին՝ նշելով, որ քննությունը խախտումներով է անցել:
Պատգամավորի խոսքով՝ Կոստանյանը դեպքի հաջորդ օրը հայտարարություններ է արել, որոնք կանխորոշել են ընթացքը, մասնավորապես, ասել, որ միջադեպի պահին Սուրիկ Խաչատրյանը քնած է եղել տանը:
«Նախաքննական մարմինը ապացուցված է համարում, որ Տիգրանն ու Զարզանդն են (Տիգրան խաչատրյանը Սուրիկ Խաչատրյանի որդին է, իսկ Զարզանդ Նիկողոսյանը՝ թիկնապահը) հասցրել չորս հրազենային վնասվածքները, թեև չի նույնականացրել՝ որ մեկը ով է կոնկրետ հասցրել և որ դիրքից: Սա կարևոր է, որովհետև պատշաճ նույնականացումը կապացուցեր, որ մահացու վնասվածը Բուդաղյանը ստացել է վերևից ներքև, որը չէր կարող հասցնել ոչ Զարզանդը, ոչ Տիգրանը, քանի որ նրանք գտնվում էին Բուդաղյանի հետ նույն հարթության մեջ», – ասել է Նիկոլ Փաշինյանը:
Ըստ պատգամավորի՝ պատահական չէ, որ դեպքերի մասին տեսանյութի անձայն տարբերակն է տարածվել:
«Ձայնով զննությունը ակնհայտ կդարձնի, որ ինչ-որ մեկը ձայն է տալիս Ավետիք Բուդաղյանին՝ գոռալով «Ավետ»: Էդ կանչը լսելով է Բուդաղյանը հետ դառնում: Նախաքննական մարմինը չի պարզել, ով է այդ կանչողը:
Երեկ Կոստանյանը իմ հարցին ի պատասխան ասում է՝ էական չէ, ով է կանչողը: Ես պնդում եմ, որ էական է, քանի որ եթե պարզվի, որ այդ կանչողը Սուրիկ Խաչատյանն է, պարզ կդառնա, որ Կոստանյանի վարկածը Խաչատրյանի քնած լինելու մասին գլխովին կջախջախվի», – ասել է Փաշինյանը:
Նա ասել է, որ վերը նշված փաստերի համադրումից պարզ է դարձնում, որ Սյունիքի նախկին մարզպես Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած դեպքերը քննող նախաքննական մարմինը՝ զինդատախազությունը՝ ներկայումս ՀՀ Գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանի ղեկավարությամբ, ամեն ինչ արել է շրջանցելու, լղոզելու համար այն փաստերը, որոնք հնարավորություն կտային լրջորեն հետազոտել մամուլում հնչած այն վարկածը, թե Ավետիք Բուդաղյանին մահացու հրազենային վնասվածքը կարող էր հասցնել Սուրիկ Խաչատրյանը:
«Փաստերը կարող էին վկայել, որ գործ ունենք ոչ թե անհրաժեշտ պաշտպանության, ինչպես տեղի ունեցածը որակվել է պարոն Կոստանյանի ղեկավարած կառույցի կողմից, այլ Ավետիք Բուդաղյանին դիտավորությամբ սպանելու փաստի հետ», – ասել է Փաշինյանը: