Ստավրոպոլում ավարտվել է քրեական գործի քննությունը Հայաստանի քաղաքացու նկատմամբ, որը մեղադրվում է հիվանդանոցից 11-ամսյա աղջկա առևանգման մեջ: ՌԴ Քննչական կոմիտեի մարզային վարչության մամուլի ծառայությունը հայտնում է, որ 56-ամյա տղամարդու դեմ մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 126-րդ հոդվածի 2-րդ մասով (մարդու առևանգում):
Հետաքննության տվյալներով՝ 2013 թվականի սեպտեմբերի 4-ին մեղադրյալը առանց բժշկական անձնակազմի թույլտվության ու համաձայնության մանկական հիվանդանոցից վերցրել է 11-ամսյա աղջկան՝ ներկայանալով որպես նրա պապիկ: Երեխային հիվանդանոց էին տարել անչափահասների հարցերով ստորաբաժանման աշխատակիցները՝ մորը ծնողական իրավունքներից զրկելու նախաձեռնության հետ կապված: Նույն օրը տղամարդուն երեխայի հետ բերման են ենթարկել Ստավրոպոլ քաղաքի Հաղթանակի այգու մերձակայքից: Հարցաքննության ժամանակ նա հայտնել է, որ մտադիր էր աղջկան իր հետ տանել Երևան ու զբաղվել նրա դաստիարակությամբ:
Հետաքննությունը նաև պարզել է, որ մեղադրյալը, շինհրապարակում ծանոթանալով աղջկա հոր հետ, բազմիցս այցելել է նրա ընտանիքին՝ երեխային նյութական օգնություն տրամադրելու նպատակով:
Մամուլի հաղորդագրության մեջ չի նշվում, թե ինչու մեղադրյալը աղջկան որդեգրելու հարցը օրենքի սահմաններում չի լուծել, այլ դիմել է հանցագործության:
Ներկա պահին գործն ուղարկվել է դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և քրգործը դատարան ուղարկելու համար: