Ռուսական dissernet.org կայքը, որը մասնագիտացած է Ռուսաստանում գիտական աստիճան ստացած անձանց ատենախոսությունները (դիսերտացիաները) ուսումնասիրելու և զեղծարարությունները բացահայտելու գործում, հրապարակել է հայ գործարար «Միկա Լիմիթեդ» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի «գիտական աշխատանքի» մանրամասն ուսումնասիրությունը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
2008 թվականին Բաղդասարովը պաշտպանել է «Մտավոր կապիտալը կորպորատիվ հարաբերությունների համակարգում» թեմայով ատենախոսությունը և ստացել է սոցիոլոգիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Կայքում տեղադրվել է նրա 192 էջանոց ատենախոսությունը, որից պարզվում է, որ այն առնվազն 80 տոկոսով կրկնօրինակված է երկու այլ անձանց ատենախոսություններից, որոնք պաշտպանվել են 2004 և 2006 թվականներին։ Ընդ որում, կրկնօրինակումը բառացի է՝ նույնիսկ առանց ստորակետի փոփոխության:
Թերթը նշում է, որ համեմատվել է բացառապես ատենախոսության տեքստային մասը, իսկ նկարները, գրաֆիկները, աղյուսակները չեն համեմատվել։
«Այսինքն բացառված չէ, որ եթե դրանք էլ համեմատվեին, ապա կրկնօրինակումը կլիներ ասենք՝ 95 կամ 100 տոկոս։ Երեկ փորձեցինք այս կապակցությամբ մեկնաբանություններ ստանալ Միխայիլ Բաղդասարովից, սակայն պատասխանեցին «Միկա Լիմիթեդ»–ից։
«Փոխառությունը պաշտպանական գործունեության մեջ բնական երևույթ է, ինչի մասին փաստում են նաև գիտնականները։ Դրա հիմքի վրա են զարգանում նաև նոր գաղափարները», – պատասխանել են ընկերությունից:
«ՀԺ»-ն հավելում է, որ Բաղդասարովն իր ատենախոսությունը պաշտպանել է Մոկսվայի պետական համալսարանում:
«Այսինքն ստացվում է, որ փող ունեցող ցանկացած անձ կարող է «դիսերտացիա գրել» ու տանել՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայում ու Գլխավոր ԲՈՒՀ-ում պաշտպանել», – նշում է «ՀԺ»-ն:
Հոդվածն ամբողջությմամբ՝ թերթի այսօրվա համարում