Խուլիգանության և ուրիշի գույքը (խոտի դեզը) դիտավորությամբ ոչնչացնելու փորձ կատարելու մեջ մեղադրվող Արամ Մուղալյանի ինքնազգացողությունը վատացել է: Նա արդեն մեկ շաբաթ է հացադուլ է անում, իսկ երկու օր առաջ ջրադուլ է հայտարարել:
Այսօր առավոտյան Epress.am-ի հետ զրույցում երիտասարդի պաշտպան Վահե Գաբրիելյանն ասել է, որ Մուղալյանի արյան ճնշումն է իջել, նա գլխապտույտներ ունի և, ըստ էության, հոսպիտալացման կարիք ունի:
Փաստաբանի խոսքով՝ մինչ այժմ Մուղալյանը գնտվում էր Արմավիրի Ձերբակալվածների պահման վայրում, որտեղ պայմանները վատն են: Այսօր Մուղալյանին կտեղափոխեն «Նուբարաշեն» ՔԿՀ:
«Մենք այսօր էլ զրուցել ենք Արամի հետ, նրա վիճակը վատ է, կարծում եմ՝ պետք է տեղափոխեն հիվանդանոց, սակայն դժվար թե նման բան արվի: Այնուամենայնիվ, Արամը մտադիր չէ դադարեցնել հացադուլը ու ջրադուլը»,- ասել է Վահե Գաբրիելյանը:
Հիշեցնենք, որ Մուղալյանը նման ծայրահեղ քայլով բողոքում է իր և իր ընկերների դեմ հարուցված քրեական գործի ապօրինությունների, իրենցից երեքի նկատմամբ կիրառված անհիմն կալանքի և նախաքննական կեղծիքների դեմ:
Ավելի վաղ Epress.am-ը զրուցել էր գործով անցնող մեկ այլ մեղադրյալ Ռոբերտ Փիլոյանի պաշտպանների հետ, ովքեր ներկայացրել էին գործում առկա ապօրինությունները, ինչպես նաև պատմել էին իրենց պաշտպանյալի նկատմամբ իրականացված խոշտանգումների մասին: