ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը համոզված է, որ Սերժ Սարգսյանին ԵԽԽՎ-ում տրված իր հարցը հետաքրքրում է հայաստանցիների 80 տոկոսին: Այս մասին Փոստանջյանը հայտարարել է «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:
«Ընդամենը 30 վայրկյանի ընթացքում ես կարող էի հարցադրում անել ու այդ 30 վայրկյանի ընթացքում ես փորձել եմ անել այն հարցադրումը, որը հուզում է այսօր Հայաստանի հանրապետության գրեթե 80 տոկոս բնակչությանը:
Հայաստանի 80 տոկոսը գիտի, որ Հայաստանում տիրում է անարդարություն, ընտրությունները կեղծված են, արդեն որերորդ անգամ ՀՀ քաղաքացիները գիտեն, որ իրենց ձայնը, իրենց քվեն գողացել են, և այսօր այդ գողություն, խարդախություն և կազմակերպված հանցագործություն իրականացնողը Սերժ Սարգսյանն է: Դա գիտի 80 տոկոսը և հենց այնպես չէ, որ մենք հարց ենք հղում Սերժ Սարգսյանին և հարցնում՝ «դու ուղղակի խաղատներում ես անցկացնում քո ժամանակը և վատնում ես հսկայական միլիոնավոր գումարներ, որոնք պատկանում են հայ ժողովրդին և հենց այնպես չէր, թե՝ «ո՞վ է ձեր տեղը այդ գումարները մուծել»: Այդ հարցադրումները իրականությանը բացարձակ համապատասխանում են», – հայտարարել է Փոստանջյանը:
Պատգամավորը նշել է, որ Սերժ Սարգսյանի խաղամոլ լինելու մասին ասել է Վիկտոր Դալլաքյանը, ով այժմ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալն է և ՀՀ նախագահի ներկայացուցիչն ԱԺ-ում: Նշենք, որ 2003 թվականի մայիսին խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Վիկտոր Դալլաքյանը, ով հանդես էր գալիս ընդդիմադիր դիրքերից, քննադատում էր Սերժ Սարգսյանին՝ պնդելով, որ թոշակառուներին տրվող գումարները ցածր են, քանի որ «Սերժ Սարգսյանը Մոնտե Կառլոյում ղումար ա խաղում»: Դալլաքյանի ելույթով տեսահոլովակը մինչև հիմա տեղադրված է Youtube կայքում:
Նշելով, որ իր պարտքն է կատարել՝ Փոստանջյանը նաև ասել է, որ հարցը այդ ամբիոնից է հնչեցրել, քանի որ Եվրոպան նույնպես իր մեղսակցությունն է ունեցել տվյալ անձին որպես ՀՀ նախագահ ճանաչելու գործընթացում:
«Այդ բանակցությունները պարզ առևտուր էին, իրենց համար հեշտ էր անցկացնել հենց խաղամոլի հետ», – ասել է պատգամավորը:
Իրեն ուղղված քննադատությունները մեկնաբանելով՝ Զարուհի Փոստանջյանը խորհուրդ է տվել քննադատողներին տեսնել Հայաստանում հսկայական ծավալի աղքատությունը և արտագաղթը:
Հովիկ Աբրահամյանի՝ իրեն պատվիրակության կազմից հանելու ցանկությանը անդրադառնալով՝ Փոստանջյանն ասել է, որ առաջին անգամը չէ, որ նման փորձ արվում է ԱԺ նախագահի կողմից: Ըստ նրա՝ նման փորձը ապօրինի քայլ կլինի և ինքը պատրաստ է դրան համապատասխան պատասխան տալ:
Փոստանջյանի հարցազրույցն «Ազատություն» ռադիոկայանին ամբողջությամբ.