Լրագրողների խումբը, որը լուսաբանում էր Սաբիրաբադում Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի միասնական թեկնածու Ջամիլ Հասանլիի նախընտրական հանդիպումը, ակցիայից հետո ծեծի է ենթարկվել սադրիչների խմբի կողմից:
Ըստ ականատեսների՝ հոկտեմբերի 4-ին Հեյդար Ալիև կրծքանշաններով մարդիկ հարձակվել են լրագրողների վրա ու փորձել խլել նրանց տեսախցիկները: Ինչպես հայտնում է «Ֆակտհաբեր»-ը, ոստիկանությունը փակել էր ԶԼՄ-ների աշխատակիցների ճանապարհը, որպեսզի վերջիններս չկարողանային փրկվել հարձակումներից:
Լրագրողները մեծ դժվարությամբ դուրս են պրծել շրջափակումից: Նրանցից շատերը մարմնական վնասվածքներ են ստացել, իսկ լրագրողներից մեկի ատամը կոտրվել է:
Տուժածների թվում են Turan գործակալության ֆոտոլրագրող Էթիմադ Բուդագովը, «Ենի Մուսավաթ» թերթի լրագրողներ Ռոյա Ռաֆիևան ու Նարգիզ Յաղուբլուն, «Ազադլիգ» թերթից՝ Ռամին Դեկոն ու Սևինջ Վաղիֆղիզին, ինչպես նաև լրագրողներ Իլհամ Ռասուլզադեն, Սաբիր Բաջարանը, Ջհանգիր Յուսիֆլին, Մուհամմել Թուրկմանը:
Նախընտրական հանդիպումից առաջ սադրիչների մեկ այլ խումբ փորձել է խանգարել միջոցառումը: Ինչպես հայտնել է Turan-ի թղթակիցը, 100-150 մարդ փորձել է փակել մուտքը դեպի ստադիոն՝ Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևի օգտին կարգախոսներ վանկարկելով:
«Մենք ներս չենք թողնի նրանց, ովքեր հանդես են գալիս մեր նախագահի դեմ: Թող հեռանան այստեղից»,- բղավում էին նրանք՝ փորձելով բախում հրահրել: Սադրիչները, սակայն, ցրվել են ընդդիմության կողմնակիցների կողմից, ու հանդիպումը սկսկվել է: Հանդիպմանը ելույթ ունենալով՝ ընդդիմադիր գործիչները նշել են, որ սադրիչներին բերել են երկրի մյուս շրջաններից:
Ադրբեջանի նախագահի թեկնածու Ջամիլ Հասանլին ուշադրությունը կենտրոնացրել է կոռուպցիայի խնդիրների վրա, հատկապես՝ 2010-ի ջրհեղեղի համար հատկացված պետական միջոցների յորացման վրա, որից ամենաշատը տուժել են հենց Սաբիրաբադի բնակիչները:
Հասանլիի կարծիքով՝ այդ ջրհեղեղը բնական աղետ չի եղել, այլ հրահրվել է օլիգարխիկ խմբերի կողմից՝ տեղի բնակիչներին դուրս մղելու ու Կուրի բերքատու հողերին տիրանալու նպատակով: