ԵԽԽՎ-ում Հայաստանի ղեկավարի վերջին ելույթի մանրամասները անուշադրության մատնվեցին «խաղամոլային» սկանդալի ֆոնին: «Ֆեյսբուք»-ում, սակայն, քննարկում ծավալվեց Սերժ Սարգսյանի` ադրբեջանցի փախստականների մասին հնչեցրած մտքերի շուրջ:
«Ես կարծում եմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր կոնֆլիկտի պատճառով լքել են իրենց բնակավայրերը, ամբողջական իրավունք ունեն վերադառնալու իրենց բնակավայրեր,
և մենք դրա կողմնակիցն ենք: Բայց պետք է հարցի քաղաքական լուծում: Հարցը պետք է վերջնականապես կարգավորվի, որպեսզի այդ մարդիկ վերջնականապես վերադառնան: Այլապես Ադրբեջանի քաղաքականության շնորհիվ կարող են լինել նոր կոնֆլիկտներ», – ասել է Սարգսյանը՝ պատասխանելով փախստականների մասին ԵԽԽՎ-ում հնչած հարցին:
Սարգսյանի հայտարարությունը մեկնաբանում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը.
«Ինչպես հայտնի է, Մադրիդյան փաստաթուղթը հրապարակվել է, և փաստաթղթի 5-րդ հոդվածը անդրադառնում է փախստականների վերադարձին: Այս առումով Ս. Սարգսյանի տարակուսանքը, թե ինչպես են վերադառնալու ադրբեջանցի փախստականները ԼՂ փոքր ինչ անհասկանալի է: Այնտեղ որևէ սահմանափակում տարածքների կամ փախստականների մասով, չկա: Փաստաթղթում հստակ նշված է, որ միայն վերջնական պայմանագրի ստորագրումից հետո փախստականները կարող են վերադառնալ, այսինքն Մադրիդյան սկզբունքների ստորագրումը դեռևս բավարար չէ վերադարձի գործընթացը սկսելու համար: Նման միտք կա նաև Սերժ Սարգսյանի խոսքում:
Այս առումով հարկ եմ համարում նշել, որ Մադրիդյան դրույթները մեր շահերի պաշտպանության տեսակետից զգալիորեն զիջում են 1997թ. Փուլային Համաձայնագրի դրույթներին: Մադրիդյան Հիմնարար սկզբունքներից ամենաէական և նշանակալի տարբերությունը այն է, որ փախստականների վերադարձ ԼՂ նախատեսված չէ (V և VII հոդվածներ): Նրանք կարող էին վերադառնալ միայն բաժանարար գոտու տարածքներ: Եվ նույնիսկ այդ դեպքում, վերադարձի ողջ գործընթացը իրագործվում է ԼՂ ներկայացուցչի մասնակցությամբ, Մշտական խառը հանձնաժողովի անմիջական վերահսկողության տակ»:
ԼՂՀ-ի մասին Սերժ Սարգսյանի հայտարարություններին անդրադարձել է նաև քաղաքացիական ակտիվիստ Հարություն Ուլոյանը:
«Ի սկզբանե մեզ համար հասկանալի էր, որ այս խնդիրը (Արցախի) կարող է լուծվել միայն փոխզիջումների հիման վրա, և որ առանց փոխզիջումների այս խնդիրը լուծում չունի»՝ այս միտքը առանց ամաչելու 4-5 անգամ կրկնել ա Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում: Ոչ մեկի համար գաղտնիք չի, որ 1997-1998թթ.-ին Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Վազգեն Սարգսյանն ու որոշ այլ պաշտոնյաներ կտրականապես դեմ են արտահայտվել Լևոն Տեր-Պետրոսյանի վարած արտաքին քաղաքականությանը: Դեմ էին ցանկացած փոխզիջման և հայտարարում էին, որ «փոխզիջման գնալու կարիք չունենք, փոխզիջման կգնանք այն ժամանակ, երբ հարկադրված կլինենք»:
Ուլոյանը Facebook-ի իր էջում մեջբերում է Սերժ Սարգսյանի 1998 թվականին արած հայտարարությունը. «Ղարաբաղյան կարգավորման պրոցեսում պետք է վարել ակտիվ սառեցման քաղաքականություն»: Այսինքն`կամ Սերժ Սարգսյանի համար իրոք ի սկզբանե հասկանալի էր, որ հարցը պիտի լուծվի փոխզիջումով, այսինքն` այն ժամանակ էր կեղծ մտքեր արտահայտում (պատճառներից մեկը կարող էր լինել Վազգեն Սարգսյանին հաճոյանալը), կամ էլ հիմա է առանց կարմրելու սուտ խոսում:
«Ակտիվ սառեցման քաղաքականության» ջատագովը այժմ քննադատում ա Թուրքիային` հայ-թուրքական հարաբերությունների սառեցման, իսկ Ադրբեջանին` Արցախի խնդրի լուծմանը խոչընդոտելու հարցում», – գրել է Ուլոյանը: