Վերաքննիչ դատարանում Տիգրան Առաքելյանի գործով հերթական դատական նիստն այսօր ավարտվել է դատարանի հապճեպ որոշմամբ: Երբ տուժողի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը հայտնել է, որ միջնորդություն է ներկայացնում Տիգրան Առաքելյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին, նախագահող Եվա Դարբինյանը ասել է՝ «համբերեք, միջնորդությունը դեռ մի արեք», և հարց է ուղղել Տիգրան Առաքելյանին նախորդ միջնորդության հետ կապված: Առաքելյանի պատասխանից հետո Դարբինյանն ասել է, որ նիստը համարվում է փակված և համանախագահողների հետ հեռացել է նիստերի դահլիճից:
Դատարանի նման պահվածքը Շուշանյանի գնահատմամբ բացարձակ կամայականություն է, որն իր նախադեպը չէր ունեցել այս գործի շրջանակներում: Լրագրողների հետ զրույցում փաստաբանն ասել է՝ քանի որ պարզ է դարձել, որ համաներումը տարածվում է Տիգրան Առաքելյանի վրա, նշանակում է, որ նույնիսկ եթե այսօր դատական պրոցեսը ավարտվեր, դատավճիռը նույնը թողնվեր, Տիգրան Առաքելյանը նիստերի դահլիճից պետք է ազատ արձակվեր: Այսինքն՝ այլևս որևէ հիմք չէր լինի նրան կալանքի տակ պահելու համար:
Շուշանյանի խոսքով՝ համաներման որոշումը հաշվի առնելով՝ դատարանն ինքն առանց միջոնդության սպասելու պետք է փոխեր Տիգրան Առաքելյանին կալանքի տակ պահելու որոշումը: «Մեր նպատակն ապացուցելն է, որ Տիգրանը և մյուս տղաները ոստիկանության կամայականությունների զոհն են, նրանք չեն հանցագործները և հասնել արդարացման դատավճռի: Անկախ դատարանի խայտառակ պահվածքից, մենք շարունակելու ենք օգտվել մեր դատավարական իրավունքներից և խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը ներկայացնելու ենք հաջորդ նիստին»,- ասել է Շուշանյանը:
Նիստի ընթացքում, ինչևէ, մի քանի կարևոր միջնորդություններ են ներկայացվել: Մասնավորապես, Տիգրան Առաքելյանը միջնորդել է դատարան կանչել և հարցաքննել գործով որպես տուժող անցնող, ոստիկան Շահեն Հարությունյանին, քանի որ հայտվել է ապացույց, որը հակասում է նրա՝ առաջին ատյանի դատարանում տված ցուցմունքին:
«ՎիվասելՄՏՍ» ընկերության տրամադրած արձանագրության համաձայն՝ Հարությունյանի հեռախոսից դեպքի օրը երեկոյան՝ 23.00-ի սահմաններում զանգեր են կատարվել, մինչդեռ նա հայտարարել էր, որ դեպքի ընթացքում է հեռախոսը կորցրել՝ կորցրել է 21.30-ի սահմաններում: Բացի դա, նա ասել էր, որ համարը վերագանցնել է դեպքից երկու օր հետո, մինչդեռ նման փոփոխություն արվել է երկու տարի հետո: Դատարանը Առաքելյանի միջնորդությունը բավարարել է: Դատարանը մերժել է Առաքելյանի միջնորդությունը կրկնակի դատաբժշկական փորձաքննություն անցկացնել տուժող Տիգրան Ավետիսյանի նկատմամբ:
Հիշեցնենք, որ Ավետիսյանը պնդում է, որ իր քիթը Առաքելյանն է կոտրել: Ըստ Առաքելյանի՝ ռենտգեն ստուգումը ցույց կտա, որ նա ստել է: Այս միջնորդությունը դատարանը նունպես մերժել է՝ ասելով, որ ստորին ատյանում քննության ժամանակ կողմը չի ունեցել օբյեկտիվ խոչընդոտներ այս միջնորդությունը անելու համար, ուստի վերաքննության փուլում միջնորդությունը բավարարելը օրենքի խախտում կլինի:
Առաքելյանը միջնորդել է նաև դատարանում հարցաքննել վկա Հրանտ Միրիջանյանին, ով առաջին ատյանի դատարանում պնդել է, որ իր վրա ճնշում է գործադրվել և իրեն ստիպել են ցուցմունք տալ Տիգրան Առաքելյանի դեմ: Այս միջնորդությունը դատարանը ևս մերժել է: