Հայաստանում կան 3 գործընթացներ, որոնք կազմում եմ ներքին կյանքի հիմնական բովանդակությունը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասել է Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
«Ցավալիորեն ներքին կյանքը ձևավորվում է արտաքին ազդակների տակ, ու, երևի թե, ես «ցավալիորեն» բառը չէի օգտագործի, եթե արտաքին ազդակները առողջ լինեին: Հիմա հիմնական, համատարած գործող ազդակները բացասական են, կարելի է ասել այսպես՝ ունիվերսալ մարդու աշխարհի և ունիվերսալ մարդու ձևավորումը», – ասել է Մանուչարյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում նույնպես ձևավորվում է ունիվերսալ մարդը, որը միատեսակ է աշխարհի բոլոր կետերում:
«Եթե դա լիներ կենդանական աշխարհում, ապա ես կներկայացնեի այսպես՝ շանը, կովին, փղին, այծին ինչ-որ ձևով խաչում են և ստանում ամբողջական համակարգ՝ հիբրիդ, ու երբ որ պետք է կաթ տալիս, երբ պետք է՝ տուն է պաշտպանում, որսի է դուրս գալիս, կարող է կատարել բոլոր ֆունկցիաները: Ունիվերսալ մարդն էլ այդպիսի մի բան է, որը սկզբունքորեն ոտնձգություն է մարդկության դեմ, ես կասեի՝ ցեղասպանություն է, քանի որ մարդկային շատ կարևոր որակներ դրանով վերանում են, մի խոսքով՝ մարդկությունը կորցնում է իր ունակություններն ու ամբողջականությունը», -ասել է բանախոսը:
Նա նշել է, որ աշխարհով մեկ այդ գործընթացը կա, որովհետև հեշտ է կառավարել այդպիսի մարդուն, աշխարհը:
«Աշխարհակալ ուժերը ձգտում են այդպիսի մարդ ստեղծել ամենուրեք, ինչպես նաև Հայաստանում: Այն, որ իրար հետ միշտ կռվում ենք, քիչ ենք խոսում, ցանկացած հարց վերածվում է փոխադարձ ոչնչացման առիթի, երբ խմբերը չստեղծված, մի բանի շուրջ համաձայնության չգալով՝ տարալուծվում են և ուրիշ խմբեր են ստեղծվում: Այս բոլորը ունեիվերսալ մարդու ստեղծման գործընթաց են՝ մարդը ավտոմատ պետք է դառնա, նա ոչ մի այլ մարդու հետ էական միացնող բան չպետք է ունենա: Հայաստանը, ինչպես մոլորակի մյուս տարածքները, պետք է դառնա տարածք՝ ունիվերսալ մարդկանցով բնակեցված», – նշել է Մանուչարյանը:
Վերջինիս խոսքով՝ երկրորդ գործընթացը եվրոպական և ռուսական ներկայացող ուժերի միմյանց միջև բախումն է:
«Այստեղ որպես կանոն հանդես եկող գործիքները՝ քաղաքական ուժերը, լրատվամիջոցները, անալիտիկ կենտրոնները, խոսում են պայմանական եվրոպական ու պայմանական ռուսական դիրքերը ներկայացնելուց: Պայմանական են, քանի որ այդ ունիվերսալ մարդու գործընթացի դեմ համամոլորակային դիմադրության հիմնական համակարգերը Եվրոպան ու Ռուսաստանն են, ու նրանց դաշինքն է, որ կարող է աշխարհը դուրս բերել այս վիճակից: Ու որպեսզի այդ դաշինքը ոչ մի կերպ չկայանա, աշխարհի տարբեր կետերում բախումներ են կազմակերպվում պայմանական Եվրոպայի ու պայմանական Ռուսաստանի դեմ, իսկ պայմանական են, որովհետև Եվրամիությունը Եվրոպա չէ, Ռուսաստանի այսօրվա իշխանությունները Ռուսաստան չեն: Հայաստանը ցավալիորեն դարձել է այն տարածքներից մեկը, որտեղ այդ բախումը տեղի է ունենում, մենք էլ խանդավառ ձևով կեսս գրվել ենք եվրոպացի, կեսս՝ ռուսաստանցի ու տալիս-սպանում ենք իրար, ու նպաստում ենք, որ իրական Ռուսաստանն ու Եվրոպան բախում ունենա, այլ ոչ համադրում», -նշել է բանախոսը:
Մանուչարյանը երրորդ գործընթացը դրական է համարել և ընդգծել, որ դրանք մտավորականության, երիտասարդության և հատկապես ազատամարտիկների շրջանում տեղի ունեցող գործընթացներն են, ու այդ ուժերը կոչված են կյանքի բերել Հայաստանը: