ՀՀ նախագահի աշխատակազմից Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին առաջարկներ են ներկայացվել, որոնք առայժմ չեն հրապարակվում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Առաջարկներից մեկը վերաբերում է ՀՀ նախագահի թեկնածուներին առաջադրվող պայմաններին, մասնավորապես՝ վերջին 10 տարում ՀՀ-ում բնակվելու սահմանադրական դրույթին։
Նախագահական նստավայրից առաջարկվում է իջեցնել այդ 10 տարվա ցենզը։ Տեղեկությունը երեկ թերթի թղթակցի հետ զրույցում հաստատել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։
«ՀԺ»-ի թղթակցի հարցին՝ ճի՞շտ է, որ առաջարկվել է իջեցնել 10 տարվա շեմը, Վիգեն Սարգսյանը պատասխանել է. «և ոչ միայն 10 տարվա շեմը»: Առաջարկը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին է ուղարկել անձամբ Վիգեն Սարգսյանը։
Թերթը հարց է բարձրացնում, թե ի՞նչ նպատակով է արվում փոփոխությունը և ո՞ւմ համար:
«Մոտ երկու շաբաթ առաջ՝ սեպտեմբերի 27-ին, Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը նշանակվեց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ Արմեն Սարգսյանը, փաստորեն, երրորդ անգամ նշանակվեց նույն պաշտոնում։ Ինչպես հայտնի է, նա վաղուց Հայաստանում չի բնակվում։ Միջազգային կոնվենցիաների համաձայն, սակայն, տվյալ երկրում այլ երկրի դեսպանատունը համարվում է համապատասխան երկրի տարածք։ Այսինքն, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատունը համարվում է ՀՀ տարածք և հետևաբար, դեսպանն էլ՝ այդ տարածքի, այսինքն, ՀՀ բնակիչ։ Արդյո՞ք Արմեն Սարգսյանի համար է իջեցվում 10 տարվա շեմը։ Իշխանության վերին օղակներում արդեն տևական ժամանակ քննարկվում է Արմեն Սարգսյանին, նախ ՀՀ վարչապետ, այնուհետև ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու տարբերակը», – գրում է թերթը։