Հայաստանում բազմաթիվ համարձակ լրագրողներ կան, ու որքան զանգվածային է լրատվամիջոցը, այնքան դրա աշխատակիցն ավելի խիզախ է: Հետևաբար, ամենահզորներն աշխատում են հեռուստատեսությունում:
Պատկերացնում եք՝ որքան համարձակություն է պետք հայկական հեռուստատեսության եթերում Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարությունների քաղաքականությունը մերկացնելու, կրոնական կազմակերպություների գործունեությունը բացահայտելու, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների հասցեին վիրավորանքներ հնչեցնելու համար: Ոչ ոք լրագրողին հանրային հանցավոր լկտիության համար կարգի չի հրավիրի՝ ոչ նույնասեռական հարևանը, ոչ ադրբեջանցի գործընկերը, ոչ թուրք ընկերը, ոչ մորմոն եղբայրը: Հայաստանցի լրագրողի «կոռեկտությունն ու մասնագիտական էթիկան» վատնվում են մամուլի հայտարարությունների, նախագահի, բանակի, եկեղեցու, կրթության, դատերի վրա:
Նախորդ շաբաթ հայաստանյան ինտերնետ ռեսուրսները տեղադրել էին իրենց ադրբեջանցի գործընկերների՝ 24-ամյա ադրբեջանցի զինվոր Վուգար Ջաֆարովի ինքնասպանության ողբերգական լուրի մասին հոդվածները: Նշվում էր, որ «դիակը հայտնաբերվել էր Գանձակ քաղաքում»: Ծանո՞թ է: Դա Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքն է: Այժմ այն կոչվում է Գյանջա, բայց ադրբեջանցի երիտասարդի մահը միամիտ քոչվոր հարևաններին պատմության դաս տալու հերթական առիթը դարձավ:
Այս քաղաքը ներկայիս անունը ստանալուց առաջ մի անգամ չէ, որ վերանվանվել է: Երբ ես այնտեղ ծնվեցի, այն կոչվում էր Կիրովաբադ, բայց ոչ ես, ոչ ավելի տարեց մարդիկ չեն հիշում, որ տեղացի հայերը կամ ադրբեջանցիները դեմ լինեին խորհրդային անվանմանը: Ռուսական կայսրության կազմի մեջ մտնող Ելիզավետպոլը նույնպես զանգվածային բողոքի ակցիաների առիթ չէր դառնում: Կիրովականը Վանաձոր վերանվանելու օգտին հավաքներ էլ չկային:
Թասիբով գյումրեցիները չէին հարձակվում կուսակցական գործիչների, զինվորականների ու իշխանության մյուս ներկայացուցիչների վրա ու պահանջում իրենց ազատել Լենինական անվանումից:
Վայրերի անվանումների պատերազմները, ատելության ու բռնության այսքան սուր պրոպագանդան երբեք ուղղված չեն եղել դեպի այն կայսրությունները, որոնց կազմում պարբերաբար գտնվել են հայկական ու ադրբեջանական հասարակությունները: Ողջ բարկությունը մինչ այժմ կենտրոնացված է նույն ճակատագիրն ունեցող հարևանների վրա. վտարանդիները հակված չեն սիրել այլ թշվառներին, նրանց ավելի շատ դուր է գալիս սիրել տերերին: Կամ, վատագույն դեպքում, սիրում են իրենք իրենց:
Այժմ ես ապրում եմ Հայաստանում: Եթե չեք լսել, այն անվանում են Արևմտյան Ադրբեջան, որի մայրաքաղաքաը գտնվում է Իրեվանի խանությունում: Իմ երկրի ղեկավարը պարբերաբար հանդիպում ու փակ դռների հետևում ժամեր շարունակ շփվում է թշնամիների կողմից վերահսկվող Ատրպատականի գործընկերոջ հետ, որի մայրաքաղաքն է Բակուրակերտը: Այս զրույցներից հետո նրանք վիրավորանքներ են հնչեցնում միմյանց հասցեին ու սպառնում, այդ թվում և ինձ:
Յուրի Մ., Epress.am-ի համախմբագիր
Լուսանկարը՝ President.am