Վերաքննիչ դատարանում մեղադրող դատախազը շարունակել է պնդել, որ ՀԱԿ ակտիվիստները մեղավոր են: Տիգրան Առաքելյանը դատավոր Եվա Դարբինյանին Քրեական դատավարության օրենսգիրք է նվիրել:
Այսօր Վերաքննիչ դատարանում ՀԱԿ ակտիվիստներ՝ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի գործով կայացել է դատական ճառերի փուլը: Ճառերով և վերջին խոսքով հանդես են եկել ամբաստանյալները, նրանց ներկայացուցիչ Ստեփան Ոսկանյանը և մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանը:
Ակտիվիստները և նրանց պաշտպանը պահանջել են դատարանից արդարացման դատավճիռ հրապարակել, քանի որ վերաքննության փուլում ապացուցվել է մեղադրանքի շինծու լինելը:
Ստեփան Ոսկանյանը նշել, որ թեև Վերաքննիչ դատարանում գործի դատավարությունը ևս անցել է խախտումներով, սակայն ստացված ապացույցները բավարար են պնդելու, որ հանցակազմը բացակայում է և տղաները պետք է արդարացվեն:
Մեղադրյալ Դավիթ Քիրամիջյանը պահանջել է նաև քրեական պատասխանատվության ենթարկել գործով տուժող, ոստիկան Շահեն Հարությունյանին՝ սուտ ցուցմունք տալու համար:
Դատախազ Մարտիրոսյանն իր ճառում նշել է, որ ինքը առհասարակ դեմ էր գործը վերաքննելուն և կարծում է, որ ամբաստանյալների մեղքն ապացուցված է: Նա իր ճառում մեջբերել է մեղադրյալ Արտակ Կարապետյանի ցուցմունքը, որում վերջինս ասել է, թե դեպքի օրը իրենք մոտեցել են ոստիկաններին և մի քաղաքացու, ու Կարապետյանը խնդրել է իրեն որպես ընթերակա գրանցել: Մարտիրոսյանը, հղում անելով օրենքին, նշել է, որ ընթերակա կամովի չեն գրացվում, դրա համար պետք է պահանջ ներկայացնի ոստիկանը:
Դատախազը, կարծիք հայտնելով, որ վեճի պատճառներից մեկը եղել է այն, որ ոստիկանները ՀԱԿ ակտիվիստներին «լևոնական» են անվանել, ասել է, թե «լևոնական» բառի մեջ վիրավորվելու բան չկար: Դատախազը, այնուամենայնիվ, միջնորդել է Կարապետյանին ազատել համաներմամբ, իսկ Քիրամիջյանի համար պայմանական ազատազրկում է պահանջել: Հիշեցնենք, որ Մարտիրոսյանը Քիրքամիջյանի համար պայմանական էր պահանջել նաև առաջին ատյանի դատարանում, սակայն դատավոր Գագիկ Պողոսյանն ավելի խիստ պատիժ էր նշանակել՝ 2 տարվա ազատազրկում:
Տիգրան Առաքելյանն իր ճառում նշել է, որ իր համար սկզբունքային է արդարացմամբ ազատ արձակվելը: «Միայն արդարացման մեջ ես կգտնեմ ազատություն»,- ասել է նա:
Առաքելյանը դատավորին է նվիրել Քրեական դատավարության օրենսգիրքը:
Գործով դատավճիռը կհրապարակվի երկուշաբթի օրը: