Փաստաբանները դժգոհ են օրենքի նախագծից, որը պարտադրելու է տարեկան 60 հազար դրամ վճարել և կախված լինել Արդարադատության նախարարությունից:
Արդարադատության նախարարությունը ԱԺ-ի քննարկմանն է ներկայցրել «Փաստաբանության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերեր, որոնցով նախատեսվում է փաստաբանների պետական գրանցամատյանը վարել նոր ընթացակարգով: Համաձայն օրինագծի, փաստաբանները պետք է գրանցվեն Արդարադատության նախարարությունում և տարեկան վճարեն 60.000 դրամ:
Այս փոփոխությունը փաստաբանների շրջանում դժգոհություն է առաջացրել: Ըստ փաստաբան Հարություն Բաղդասարյանի՝ առավել մտահոգիչը ոչ թե տարեկան տուրքն է, այլ այն, որ սահմանափակվում է փաստաբանների ազատությունը՝ նրանց Արդարադատության նախարարությանը ենթարկելու փորձ անելով:
«Ուզում են փաստաբաններին դարձնել Արդարադատության նախարարությանը ենթարկվող մարմին, 60.000 դրամ էլ պահանջում են, որպեսզի պահեն հանրային պաշտպանի ինստիտուտը: Ըստ որում՝ հանրային պաշտպանները ևս պետք է վճարեն տարեկան 60.000 դրամը», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Բաղդասարյանը:
Ըստ փաստաբան Հայկ Ալումյանի՝ օրենքի փոփոխությունը որևէ կերպ հիմնավորված չէ:
«Ընդամենը ասում են՝ ի՞նչ վատ կլինի, որ Արդարադատության նախարարությունում գործի ռեեստրը, ու դրա համար դուք վճարեք 60.000 դրամ: Մինչդեռ օրենքը փոխել կարելի է, եթե դրա համար լուրջ հիմքեր կան: Սա միայն լրացուցիչ փող հավաքելու առիթ է, քանի որ այն ոչ մի որակական փոփոխություն չի բերելու»,- ասել է Ալումյանը:
Փաստաբան Գայանե Խաչատրյանը նշում է, որ նման որոշումը պարզապես պետական ռեկետ է:
Նրա խոսքով՝ փաստաբանները որպես անհատ ձեռներեց առանց այդ էլ վճարում են հարկեր և անդամավճար, իսկ պետությունը ՀՀ Սահմանադրությամբ և այլ իրավական ակտերով, ինչպես նաև միջազգային հանրության առջև իր ստանձնած պարտավորությունների կատարումը փորձում է դնել անհատների վրա, մասնավորապես, հանրային պաշտպանի դեպքում, մինչդեռ Խաչատրյանը նշում է, որ ՀՀ Սահմանադրության 20 հոդվածի համաձայն՝ «յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Օրենքով նախատեսված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին»:
««Ստացվում է որ փաստաբաններից գանձվելու է գումարը, որի միջոցով անվճար իրավաբանական օգնություն է տրամադրվելու: Իսկ ամենակարևոր ու մտահոգիչ խնդիրը այն է, որ այսպիսով Փաստաբանների պալատը և, բնականաբար, փաստաբանները կորցնելու են իրենց անկախությունը և գտնվելու են կախվածության մեջ ՀՀ արդարադատության նախարարույթյունից, ասենք օրինակ՝ ինչպես նոտարական գրասենյակները կամ ՔԿԱԳ (ԶԱԳՍ) բաժինները ՀՀ ԱՆ նոտարական կամ ՔԿԱԳ վարչություններից:
ՀՀ Կառավարությունը եթե անիմաստ չմսխի պետական բյուջեն, ասենք, 54 մլն ՀՀ դրամ անիմաստ համերգի վրա և նմանատիպ այլ դեպքերի վրա ծախսելով, ապա այսպիսի անտրամաբանական օրենքներ առաջարկելու կարիք չի լինի», – հավելել է Խաչատրյանը: