Բաքվի՝ Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի երկրպագուներին սահմանն անցնելիս հարցնում են Հայաստանի ու հայաստանցիների հետ կապերի մասին:
«Սովետսկի սպորտ»-ի թղթակիցը դարձել է հետևյալ տեսարանի ականատեսը. երկրպագուներից մեկը՝ Մոսկվայից ժամանած Սերգեյ Ի.-ն, ում անձնագրում առկա են Հայաստանում գտնվելու մասին նշումներ, հարցաքննվել է սահմանապահի կողմից. «Ի՞նչ նպատակով եք այցելել Հայաստան», «Կյանքում ինչո՞վ եք զբաղվում», «Ինչո՞վ եք զբաղվել Հայաստանում գտնվելու ժամանակ», «Հայաստանում կապեր ունե՞ք»՝ ահա հարցերից մի քանիսը, որոնց նա ստիպված էր պատասխանել:
Երկրպագուին առաջարկեցին նկարվել հենց անցակետի մոտ, որից հետո նրան բաց թողեցին:
– Դուք Հայաստանում եղե՞լ եք,- հարցրին «Սովետսկի սպորտ»-ի թղթակցին:
– Ոչ, երբեք:
Պաշտոնական Բաքուն ավելի խիստ վերաբերմունք է ցուցաբերում այն մարդկանց նկատմամբ, ովքեր առանց իր թույլտվության այցելել են Ղարաբաղ: Այս կարգի մարդկանց ավտոմատ կերպով հայտարարում են պերսոնա նոն գրատա:
Ադրբեջան-Ռուսաստան հանդիպումը կկայանա երեքշաբթի օրը՝ ժամը 21.00-ին: